ԱՄՆ բանակը պատրաստվում է վերադասավորել իր ներկայությունը Սիրիայում առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։
Համաձայն երկու ամերիկացի պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում, ԱՄՆ-ն, հնարավոր է, կրճատի իր զորքերի թիվը Սիրիայում։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ դուրսբերումը կարող է հանգեցնել Սիրիայում ԱՄՆ-ի մոտ 1000 զինծառայողի կրճատման: Մյուս պաշտոնյան նշել է, որ հստակություն չկա թվերի վերաբերյալ. նա հավելել է, որ թերահավատորեն է վերաբերվում այդ մասշտաբի նվազմանն այն ժամանակ, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բանակցություններ է վարում Իրանի հետ և ուժեր հավաքում տարածաշրջանում:
Ամերիկացի զինվորականների թիվը Սիրիայում ներկայում հասնում է մոտ 2000-ի։ Նրանք հիմնականում տեղակայված են երկրի հյուսիս-արևելքում գտնվող մի քանի ռազմակայաններում:
Զինվորականներն աշխատում են տեղի ուժերի հետ՝ կանխելու «Իսլամական պետության» վերածնունդը, որը 2014 թվականին Իրաքի և Սիրիայի մեծ տարածքներ էր գրավել, սակայն հետագայում հետ էր շպրտվել:
Միացյալ Նահանգները վերջերս ինքնաթիռներ, այդ թվում՝ B-2 ռմբակոծիչներ, ռազմանավեր և հակաօդային պաշտպանության համակարգեր է ուղարկել Մերձավոր Արևելք՝ դիրքերն ամրապնդելու համար: