2024 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ոչ առաջին անգամ հայտարարեց, որ Արցախի հարցն այլևս փակ է։ Ավելին, նա պնդեց, որ այս հարցը Հայաստանի քաղաքական ուժերն օգտագործել ու շահարկել են՝ իշխանության գալու և իշխանությունը պահելու համար։
«Փաստինֆո»-ն առանձնացրել է 2021 թ-ի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում ներկայացված Արցախյան հակամարտության մասին պատկերացումները։
Հատկանշական է, որ այն ժամանակ ՔՊ-ականների համար դեռ խնդրահարույց չէր «Արցախ» բառի օգտագործումը եւ բաժինը վերնագրված էր «Արցախի հիմնախնդիր»։
Հատկանշական է, որ դեռ 2021-ին ՔՊ-ականները նաև չէին կարծում, որ արցախցիները չեն կռվել։ «Արցախի հիմնախնդիր» բաժնում մասնավորապես նշվում է.
«44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեծ կորուստներ են կրել: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ զոհաբերել են իրենց կյանքը հանուն սեփական հայրենիքի և ժողովրդի անվտանգության ու բարօրության»:
Արցախի ժողովրդի իրավունքների, Արցախի ինքնորոշմանից նահանջ նույնպես չէր նկատվում ծրագրում։ Ավելին, հրապարակ էր բերվել «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը։
Ծրագրում մասնավորապես նշվում էր.
«Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին։
Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Ջանք չենք խնայելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմանների ստեղծման համար: Այս նպատակներին հասնելու ենք Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով:
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում:
Մենք Արցախի անվտանգության ապահովման կարևորագույն գործոն ենք համարում հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի երկարաժամկետ ներկայությունը: Երաշխավորելու ենք բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար»:
Հատկանշական է նաև, որ եթե ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ապա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարում էին, որ պատրաստ են միաժամանակ ստորագրել Խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին փաստաթուղթը, ապա դեռ 2021 թ-ի ծրագրում հայտարարում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացման մասին՝ մասնավորապես գրելով.
«Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է։
Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները:
Շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել ԵԱՀԿ շրջանակներում ընթացող գործընթացներին՝ ելնելով այն հանգամանքից, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և ԵԱՀԿ-ն տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խնդիրների հասցեգրման կարևոր հարթակ է»։
Անդրադառնալով ծրագրում ներկայացրած դրույթներին՝ քաղաքագետ Խաչիկ Գալստյանն ընդգծեց, որ բոլոր նախորդ իշխանությունները Արցախյան հիմնահարցը պահել են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում՝ որպես համար առաջին հարց։
«Միայն «Քաղաքացիական պայմանագիրը» և իր առաջնորդն է, որոնք հետզհետե աստիճանաբար իջեցնելով Արցախյան հարցի նշաձողը՝ վերջում տապալեցին բանակցային պրոցեսը և փաստացի ունեցանք այնպիսի իրավիճակ, որ այս պահին Արցախը հայաթափված է։ Դա միայն այս իշխանությունների օրոք է, այնպես, որ այդ հարցերը, թե նախորդ իշխանությունները շահարկել են Արցախի հարցն իշխանության մնալու համար, պարզ մանիպուլյացիոն հնարքներ են։
Նախորդ իշխանությունները արել են հնարավորը Արցախը հայկական պահելու, Արցախի ինքնորոշման հարցը առաջ մղելու համար։ Եղե՞լ են թերություններ, իհարկե, պետք է ընդունենք, որ եղել են թերություններ, բայց այն, որ նախորդ իշխանությունները շահարկել են, իսկ իրենք չեն շահարկում՝ դա պարզ մանիպուլյացիա է։ Միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրոք է, որ Արցախում գեթ մեկ հայ այս պահին չի ապրում։
2018 թվականին՝ գալով իշխանության նրանք սկսեցին զրոական կետից սկսեցին իրենց բանակցությունները, ջնջեցին նախորդ 30 տարիների բանակցությունների ինստիտուցիոնալ հիշողությունները, ինքնագլուխ, ինքնաբավ ամբարտավարության առաջ գնացին, արդյունքում, ունեցանք այն, ինչ ունենք այսօր»։
Նա ընդգծեց, որ 2021 թվականի արտահերթ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ծրագրում, ապա նաև կառավարության ծրագրում Արցախի ինքնորոշման իրավունքների պաշտպանության հարցերը ներառված էին, իսկ հիմա «Լեռնային Ղարաբաղ», «Արցախ» բառերն ընդհանրապես չեն արտաբերում, ավելին, Ղարաբաղյան շարժումը համարում են Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքը։ Հիմա ով է մանիպուլացրել ու շահարկել Ղարաբաղյան հիմնախնդիրն իշխանություն պահելու համար»,-ասաց Գալստյանը։