Հայկական ավիաուղիները», որի սեփականատերը ռուսական Nord Wind ընկերությունն է, 24News-ի աղբյուրների համաձայն դադարեցնում է իր գործունեությունը: Պատճառը, ըստ ոլորտի իրազեկ մասնագետների, ընկերության ծանր ֆինանսատնտեսական վիճակն է, աշխատակիցներից արդեն ազատման դիմումներ են հավաքում:
Ավիաընկերությունից, սակայն, 24News-ին փոխանցեցին, որ պատրաստվում են «որոշ ժամանակով դադարեցնել գործունեությունը»: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայկական ավիաուղիների» մամուլի պատասխանատու Դիանա Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց.
«Ընկերությունը թարմացնում է ինքնաթիռների պարկը, նոր ինքնաթիռներ ենք գնելու, այժմ փաստաթղթաշրջանառություն է իրականացվում և այո, որոշ ժամանակով` մինչև 6 ամիս, ընկերությունը դադարեցնում է գործունեությունը»,- մանրամասնեց խոսնակը:
Ավիացիոն ոլորտի մեր աղբյուրը, սակայն, անիրատեսական համարեց ավիաընկերության վերադարձի հնարավորությունը շուկա՝ հաշվի առնելով այն, որ «Հայկական ավիաուղիները» դադարեցնում է գործունեությունը ոլորտի ամենաեկամտաբեր սեզոնից՝ ամառային նավիգացիոն շրջանից առաջ, ինչից հետո դիրքերի վերականգնումը գրեթե անիրատեսական է: Անհասկանալի է նաև, թե ինչպես է ընկերությունը հետ հավաքելու մասնագետներին, որոնք շուկայում պահանջարկ ունեցող կադրեր են: