«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը
Հայաստանի հասարակությանը «խաղաղության» նախապատրաստելու համար տևական ժամանակ իրականացվում է գաղափարական պաշարում: «Իրական Հայաստանի» հայեցակարգի հիմքում դրված է «մենք չենք ճանաչում աշխարհը, ու աշխարհն էլ չի ճանաչում մեզ» ձևակերպումը: Իրականում, մեր իմացած աշխարհն արդեն տևական ժամանակ է՝ գոյություն չունի և բոլորի համար է դարձել անճանաչելի: Իհարկե, պետք է ելնել այն իրողությունից, որ աշխարհը կամ, ավելի ճիշտ, աշխարհակարգերը միշտ էլ ունեցել են իրենց սկիզբն ու վերջը: Մեծ, միջին և փոքր երկրներն առաջնորդող պետական այրերից հենց այս՝ հին աշխարհակարգից դեպի նորը տանող անցման անորոշ և վտանգավոր ժամանակաշրջանում պահանջվում է հմտորեն և խոհեմաբար վարել իրենց պետության նավը դեպի ապահով ապաստարան: Այս պատասխանատու առաքելության հաջողությունը պայմանավորված կլիներ, ի թիվս այլ գործոնների, գիտակցված ուղեցույցի առկայությամբ: Այնուամենայնիվ, նման ուղեցույց գոյություն չունի. այսօր նույնիսկ աշխարհի «մեծերը» չգիտեն, թե ինչպես կավարտվի գլոբալ շահերի ընթացիկ բախումը: Վերահաս ապագայի և մեր ազգային շահերի ապահովագրման ուղիների վրա որոշակի լույս կարող են սփռել պատմությունը և ներկայիս գործընթացներում ներգրավված դերակատարների վարքագիծը:
Ամերիկան` Առաջին համաշխարհայինից մինչև «երրորդ եվրոպական»
Առաջին աշխարհամարտի ժամանակ, հատկապես 1917թ. հետո, Գերմանիան կարող էր հանգիստ ամրապնդել իր նվաճումներն Արևելքում և ընտրել հարմար պահ՝ Արևմուտքում իր ուժասպառ հակառակորդների դեմ ջախջախիչ հարձակում սկսելու համար, եթե չլիներ ամերիկյան միջամտությունը։ Առանց ամերիկյան օգնության Անտանտի դաշնակիցները դժվար թե պարտվեին Մեծ պատերազմում, բայց առանց ամերիկացիների նրանք չէին էլ հաղթի այդ հսկայական դիմակայության ընթացքում: Հետպատերազմյան Վերսալյան կարգավորմամբ ձևավորված նոր աշխարհակարգն արտացոլում էր ուժերի իրական հարաբերակցությունը և գործեց այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները մնացին այդ համակարգում: Առանց հակակշռի՝ ի դեմս ԱՄՆ-ի, եվրոպական համակարգը ժամանակի ընթացքում կլուծվեր գերմանական հեգեմոնիայի ներքո, ինչը և տեղի ունեցավ 1930-ակաների վերջին:
Ներկայիս գլոբալ հակամարտությունը շատ զուգահեռներ ունի Առաջին աշխարհամարտի հետ, հատկապես այն տեսանկյունից, որ այն վերածվել է հյուծող պատերազմի, որում կողմերից և ոչ մեկն ի վիճակի չէ վերջնական հաղթանակ գրանցելու: Միևնույն ժամանակ, ինչպես և նախորդ դարում, Միացյալ Նահանգների դերակատարությունը մնում է առանցքային: Այն, որ ԱՄՆ անվտանգային միջավայրն անհամեմատ ավելի բարենպաստ է համաշխարհային ասպարեզում, տարբեր հնարավորություններ է նրան ընձեռում բանակցություններում: Այդ իմաստով, նախագահ Թրամփի «ռազմավարական անակնկալները» ցնցում են ողջ աշխարհը: Թրամփի անկանխատեսելիությունը նշանակում է, որ նա իրեն առավելագույն ճկունություն է վերապահել Ռուսաստանի հետ բանակցություններում։ Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարելով, որ Ուկրաինայում եվրոպական պատերազմ է, այլ ոչ թե՝ ամերիկյան, Թրամփը Ռուսաստանին ուղերձ էր հղում, որ նա կարող է առանձին գործ ունենալ ԱՄՆ-ի հետ, ինչը և տեղի է ունենում ներկայումս: