Ադրբեջանը խաղաղության չի գնացել և չի գնում. որքան էլ փորձի Փաշինյանը ժողովրդին մոլորեցնել, խաբել, թմրեցնել, ասել որ վերջ, ամեն ինչ վերջացել է, կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևի հետ եկել են ջենտլմենական համաձայնության փոխադարձ տարածքների նկատմամբ որևէ հավակնություններ չունեն, ճանապարհների ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության պահպանությամբ, այդ ամենը սուտ է: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարեց, որ «խաղաղության» համաձայնագիրը կնքելու նախապայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է, դրանք կհետևի, այսպես կոչված, պատերազմական հանցագործների վերադարձի պահանջը։ Դրան կհետևի ինչ-որ 350 հազար ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Սա է, Ադրբեջանը բացարձակապես որևէ մտադրություն չունի խաղաղության համաձայնագիր կնքելու, Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու»,-ասաց նա:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ հայ-ադրբեջանական պայմանագրի բանակցությունների ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը զագահարել է Ռուսաստանի, Իրանի եւ Ֆրանսիայի նախագահներին, մինչդեռ Ադրբեջանի նխգահը նման ոգեւորություն չի դրսեւորել, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Հիշեցնեմ, որ երբ ԵՄ անդամակցության փսեւդո օրենքը առաջին ընթերցմամբ անցավ խորհրդարանում, էլի Նիկոլ Փաշինյանը զանգահարել էր Պուտինին և ներկայացրել էր այդ օրենքը։ Կարծում եմ, ինքն էլ է հասկանում, որ Արևմուտքը հիմա ունի լրիվ այլ առաջնահերթություններ: Տեսեք, Բայդենի ադմինիստրացիայի վերջին օրերին այս իշխանությունները Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը փաստաթուղթ ստորագրեցին, բայց օրինակ Ուիտքոֆը, որը ժամանել էր Մոսկվա, եկավ Բաքու, Հայաստանը այդպես էլ չեկավ։
Իրենք էլ են հասկանում, որ Արևմուտքը մի քիչ այլ առաջնահերթություններ ունի հիմա, Եվրոպան ինքն է փորձում իր անվտանգային հարցերը լուծել ԱՄՆ-ի կողմից հայտարարված նոր քաղաքականության լույսի ներքո, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև որոշակի մերձեցում է տեղի ունենում, և այստեղ Հայաստանն ինչքան էլ փորձի իրեն պատռի՝ օգտագործելով Արարատ Միրզոյանը օգտագործած եզրույթը, որ որևէ մեկը ինձ որևէ հարցում չմեղադրի, կարծեմ, հավաքական Արևմուտքը հիմա այլ առաջնահերթություններ ունեն»:
Նա ընդգծեց, որ տրամաբանությունն այն է, որ Հայաստանը պահանջեր միջնորդավորված բանակցություններ, որովհետև երբ բանակցող կողմերի միջև բանակցային ուժերը տարբեր են, պետք է միջնորդ, որպեսզի բալանսավորի այդ տարբերությունները և նաև ինչ-որ չափով հանդես գա որպես բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման երաշխավոր. «Բայց Ալիևը արգելել է, թույլ չի տա միջնորդների, դե փաշինյանենք էլ չեն կարող Ադրբեջանի հրամաններին, հրահանգներին չենթարկվել: Ճիշտ այն էր, որ լինեին միջնորդներ»: