Foto

Բա վարչապետի լիազորություններն ո՞վ կատարի

Ադրբեջանի կողմից առաջ քաշված հերթական պայմաններն ընդունելուց անցել է շուրջ 3 օր։

Մարտի 14–ին ադրբեջանական լրատվականներից հայ հասարակությունը տեղեկացավ, որ Հայաստանը համաձայնվել է ևս երկու պայմանի՝ երրորդ ուժերի դուրս բերմանը ՀՀ սահմանից, որոնք այս պահին ԵՄ դիտորդներն են, և Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարումը։

Հենց այս պայման-պահանջներն ընդունելուց հետո մի շարք երկրների ղեկավարներ ողջունեցին հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր կոչվող ինչ-որ համաձայնության ձեռք բերումը։ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Պուտինի  և Մակրոնի հետ ու վերջ։ Այն, որ Ալիևը հստակ ձևակերպմամբ նոր նախապայմաններ առաջ քաշեց, կարծես վարչապետին չի էլ անհանգստացում։ Նախ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ նախապայմաններից հաջորդը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է, ապա Ալիևն անձամբ ասաց, որ  Հայաստանի նկատմամբ վստահությունը զրոյական է և ինչ պայմանավորվում են՝ պետք է թղթի վրա ձեևակերպվի և հատուկ ընդգծեց Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը։ Հաջիևն էլ հայ-ադրբեջանական սահմանին դիտորների ներկաությունը համարեց սպառնալիք տարածաշրջանի կայունության համար, ինչպես նաև կրկին պահանջեց Հայաստանի ապառազմականացումը։

Այդ ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փորձում է համոզել, որ Ադրբեջանի պահանջներն ընդհանրապես խնդրահարույց չեն և կարևորը պայմանագրի ստորագրումն է, խաղաղությունն էլ գրեթե հաստատված է։

Ի հակադրումն Միրզոյանի, Ադրբեջանն արդեն 3 օր է՝ կեղծ լուրեր է տարածում, որ հայկական կողմն այս կամ այն տեղում հրադադար է խախտում և այլն։

Իսկ որտե՞ղ է այս օրերին ՀՀ վարչապետը։ Նա նախ այցելում է Աշտարակի դպրոցի բացօթյա մարզադաշտի բացմանը, «հատիկ առ հատիկ» արշավի շրջանակներում հայտնում է 1 բնակարանի պետությանը վերադարձնելու մասին, մասնակցում է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, Արարատի մարզում այցելում է մետաղաձուլարան, ապա պողպատե ամրանների արտադրության գործարան,  մի ամբողջ օր հատկացնում է կնոջ «կրթությունը նորաձև է» արշավի շրջանակներում դասախոսություն կարդալուն, անձամբ ծանոթանում է Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցների ասֆալտապատման աշխատանքներին, երկու անգամ հանդիպում է  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի յուրաքանչյուր թեկնածուին, ընտրություն կատարում և կառավարությանն առաջարկում է նրանցից մեկին  և այլն։

Այսպիսի օրակարգ իրեն թույլ չի տալիս աշխարհի նույնիսկ ամենախաղաղ և ամենպաշտպանված երկրի ղեկավարը։ Բաքվից նոր պահանջներ և սպառնալիքներ են հնչում, ամբողջ պետական ապարատը և լրատվականները կենտրոնացած են պաշտոնական Երևանից է´լ ավելին ստանալու վրա, ԱՄՆ պաշտոնյաներն իրենց ուղերձում ակնարկում և ՀՀ-ին հիշեցնում են, որ Բաքվի բանտում հայ գերիների են դատապարտում և նրանց ազատ արձակման մասին պետք է մտածել, իսկ ՀՀ վարչապետը շրջայցեր է անում մարզերում։

Ուղղակի անհնար կլինի պատկերցնել, որ երկրի համար վճռորոշ այս փուլում, երկրի ղեկավարը անվտանգության խորհրդի փակ քննարկում, ԱԳ և ՊՆ նախարարների հետ հանդիպում ունենալու փոխարեն գնում է դպրոցների ֆուտբոլի դաշտեր և ասֆալտապատման աշխատանքների ծանոթանալու։ Եթե այս օրերին օրական մի քանի ռիլ և փոստ վարչապետը  չհրապարակեր, միայն այդ ժամանակ կարելի էր ենթադրել, որ գուցե իրապես զբաղված է երկրի առաջ ծառացած իրական խնդիրներով, բայց դրա մասին չի հրապարակում։ Սակայն ամեն օր տարբեր մարզեր այցելություններից կադրեր է հրապարկում, որտեղ գնալ և վերադառնալու համար արդեն մի քանի ժամ է անհրաժեշտ, իսկ դասախոսություն կարդալուց առաջ էլ պատրաստվել է պետք։ Եթե ՏԻՄ մարմնի լիազորությունները կատարում է վարչապետը, բա իր լիազորություններն ո՞վ կատարի։

Հեղինակ: Աննա Ավետիսյան