Foto

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ զինված հակամարտության 40 օրվա ընթացքում Իրանը ոչ մի անգամ չի նվազեցրել նավթի արտադրության մակարդակը և շարունակել է այն արտահանել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը։

«Պատերազմի 40 օրվա ընթացքում մեր արտադրությունը չի նվազել, և արտահանման գործընթացն իրականացվել է հարկ եղած կերպով։ Բնականաբար, շրջափակումից հետո հետագա օրերին մենք հանդիպել ենք դժվարությունների։ Ձեռնարկվել են միջոցներ, և այդ միջոցները շարունակում են գործել», – ասել է նա պետական ​​հեռուստատեսության եթերում։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ ապրիլի 13-ին Իրանի ծովային շրջափակման մեկնարկից ի վեր ամերիկացի զինվորականները վերաուղղորդել են ավելի քան 60 առևտրային նավ, որոնք դուրս են եկել իրանական նավահանգիստներից կամ ուղևորվում էին այդ նավահանգիստներ։ Հրամանատարությունը նաև հայտարարել է, որ այդ նույն ժամանակահատվածում ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել չորս առևտրային նավի։