Foto

Հայաստանի հետ հանդիպումը պատմական է, Կովկասյան դերբի է․ Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մամուլի ասուլիս է անցկացրել նախքան Հայաստանի ընտրանու հետ հանդիպումների համար նախատեսված հավաքի մեկնարկը։ Ասուլիսին ներկա էր նաև Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և հավաքականների համակարգող Ալեքսանդր Իաշվիլին։

«Աշնանը տեսանք, որ մեր որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին։ Բնական է, որ նրանք ավելի քիչ էին մարզվում և ավելի շատ էին խաղում։ Եվրոպայի առաջնությունն էլ իր ազդեցությունն ունեցավ՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով։ Հուսով եմ, որ Հայաստանի հավաքականի դեմ այս երկու խաղում բոլոր ֆուտբոլիստները լավ վիճակում կլինեն։

Կվարացխելիան և Կաշիան կլինեն թիմի հետ։ Հնարավորություն կտրվի մյուսներին, օրինակ՝ Սաբա Գոգլիչիձեին, ում նորամուտը մենք ավելի վաղ էլ էինք պլանավորել։

Հայաստանի հետ հանդիպումը պատմական է, Կովկասյան դերբի է, ու մեզ բարդ խաղեր են սպասվում։ Մենք դեռ A դիվիզիոնի մակարդակին չենք հասել, բայց C դիվիզիոնն էլ մեր տեղը չէ։ Պետք է պահպանենք մեր տեղը B դիվիզիոնում։

Առաջին խաղում մեր ավագը կլինի Օթար Կիտեիշվիլին, որը, հնարավոր է, ապագայում նույնպես այս դերում լինի։

Կվարացխելիային փոխարինելը հեշտ չէ։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է, բայց մենք ունենք նաև այլ որակյալ խաղացողներ, որոնք կարող են նրա բացակայության պայմաններում ստանձնել պատասխանատվությունը, օրինակ՝ Չակվետաձեն։

Գիորգի Մամարդաշվիլին այն ֆուտբոլիստն է, ով իսկապես հանգստի կարիք ունի։ Նա արդեն երկու տարի է, ինչ անընդմեջ շատ խաղեր է անցկացրել։ Աշնանը որոշակի սխալներ թույլ տվեց, բայց վստահ եմ, որ նա կվերագտնի իր լավագույն մարզավիճակը։

Հայաստանի հավաքականը նոր մարզիչ ունի, և այս պահին դժվար է մանրամասն վերլուծություն տալ։ Նրա ղեկավարությամբ Հունաստանի հավաքականը և «Այաքսը» խաղացել են չորս պաշտպանով և բարձր ինտենսիվությամբ։  Չենք կարող վստահ լինել, որ Հայաստանի հավաքականն էլ կգործի նույն մարտավարությամբ։ Այնուամենայնիվ, մեզ համար ավելի կարևոր է կենտրոնանալ մեր սեփական հնարավորությունների վրա։

Վերջին շրջանում Վրաստանի ազգային առաջնության հետաքրքիր ֆուտբոլիստները տեղափոխվել են արտասահման, և հենց այդ պատճառով նրանք այժմ հայտացուցակում չեն։ Ինձ համար կարևոր չէ, թե որտեղ է խաղում ֆուտբոլիստը, կարևորը նրա մարզավիճակն է։ Լացաբիձեն տաղանդավոր ֆուտբոլիստ է, և ես ուզում եմ անձամբ հետևել նրան, այդ պատճառով էլ հրավիրել եմ հավաքական։ Մենք պետք է մտածենք ապագայի մասին։

Վերջին տարիներին մեր կիրառած մարտավարական սխեման հաջող էր, սակայն այն ունի նաև սահմանափակումներ։ Մենք պետք է փոփոխություններ կատարենք։ Առաջնայինը ֆուտբոլիստների մարզավիճակն է և նրանց հարմարվելու ունակությունը։ Ես չեմ ցանկանում թիմին պարտադրել որևէ սխեմա, այլ պետք է հարմարեցնեմ մարտավարությունը նրանց ուժեղ կողմերին։

Աշխարհի առաջնության խմբային փուլի մասին ավելի ուշ կխոսենք, հիմա գլխավոր նպատակը B դիվիզիոնում մնալն է»,- ասել է ֆրանսիացի մասնագետը։

Իր խոսքն է ասել նաև Ալեքսանդր Իաշվիլին։ 

«Մեր գլխավոր նպատակը B դիվիզիոնում մնալն է և ուժեղ մրցակիցների դեմ խաղալը։ Այս հարցում մեզ մեծապես կօգնի «Դինամո Արենան»։ Մեծաթիվ երկրպագուները մեր ուժն են, ու մենք ուրախ ենք այստեղ վերադառնալու համար։

Առանց երկրպագուների մենք երբեք հաջողության չէինք հասնի, և ապագայում էլ դա անհնար կլինի։ Մենք նրանց աջակցությունը շատ բարձր ենք գնահատում և հույս ունենք, որ առաջիկա խաղերում ևս նրանք մեր կողքին կլինեն։

Ազգային և երիտասարդական հավաքականների միջև միշտ եղել է ճիշտ հաղորդակցություն։ Հունիսին նախատեսված ընկերական հանդիպումների և հնարավոր մրցակիցների մասին կխոսենք այս հանդիպումներից հետո»։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակում Հայաստանի ընտրանին Վրաստանի հավաքականին Երևանում կընդունի մարտի 20-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ Վրաստանում։ Հաղթողը կստանա Ազգերի լիգայի B դիվիզիոնում հանդես գալու իրավունք։

Աղբյուրը`ArmSport.am