Foto

ՀԾՖ գլխավոր քարտուղարի պաշտոնում Փաշիկ Ալավերդյանին փոխարինել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում Փաշիկ Ալավերդյանի փոխարեն նշանակվել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը։

«Սիրելի ընկերներ, այսօր  նշանակվել եմ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար։

Մեծ  սիրով  ու պատասխանատվությամբ եմ սկսելու աշխատանքս  հարազատ թիմում ( ֆեդերացիայում), ինչպես մարզական կարիերայիս ընթացքում, այնպես էլ հիմա՝ ծառայելու եմ հանուն մեր պետության ու գալիք հաղթանակների համար։

Շնորհակալություն եմ հայտնում  Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ վստահության  համար։

Շնորհակալ եմ նաև մեր բոլոր մարզիչներին, իմ հաջողություններում մեծ ներդրում կատարելու համար։ Վստահ եմ մեր գրագետ և համերաշխ համագործակցության արդյունքում կհասնենք էլ ավելի մեծ հաջողությունների»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սամվել Գասպարյանը։

Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը 2024թ․ սեպտեմբերին հայտարարել էր մարզական կարիերան ավարտելու մասին։

Սամվել Գասպարյանը ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 24-ին Գյումրիում:

Ծանրամարտով սկսել է զբաղվել 10 տարեկանից: Անձնական մարզիչն է եղել Հարություն Եգոյանը:

Սամվել Գասպարյանը 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր է: 2016 թվականին Թբիլիսիում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 4-րդ տեղը երկամարտի 359 կգ արդյունքով: 2016 թվականին Իսրայելում կայացած Եվրոպայի Մ-20 առաջնության բրոզնե մեդալակիր է 346 կգ արդյունքով: 2017 թվականին Եվրոպայի մեծահասակների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 375 կգ երկամարտի արդյունքով: Իսկ Տոկիոյում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել 365 կգ երկամարտի արդյունքով: Նույն տարում Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն է 374 կգ երկամարտի արդյունքով:

2019 թվականին Բաթումիում  անցկացված Եվրոպայի առաջնությունում  երկրամարտի 377 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ: Նույն տարում աշխարհի առաջնությունում երկամարտի 390 կգ արդյունքով 5-րդն էր: Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնության հրում վարժության ընթացքում ստացած վնասվածքը Սամվել Գասպարյանին խանգարեց պայքար մղել չեմպիոնության համար: Պոկում վարժությունում նա 10 կգ-ով գերազանցեց Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքը եւ, բարձրացնելով 178 կգ, նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

2019 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Սամվել Գասպարյանը չեմպիոն հռչակվեց։ 109 կգ քաշայինների պայքարում նա երկամարտում հավաքեց 390 կգ։

2021 թվականին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում հռչակվեց չեմպիոն 102 կգ քաշային կարգում: 2022 թ. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում բավարարվեց արծաթե մեդալով: Նույն տարում Բոգոտայում անցկացված աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր: 2023 թվականին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն 102 կգ քաշային կարգում:

Այս տարվա Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, Սամվել Գասպարյանը արծաթե մեդալով: Սա նրա վերջին մրցելույթն էր Հայաստանի հավաքականի կազմում:

Փարիզի Օլիմպիական խաղերին Սամվել Գասպարյանը չմասնակցեց ծնկի վնասվածքի պատճառով: