Foto

Տրանսպորտից օգտվելը երևանցիների համար դարձել է իսկական գլխացավանք

Տրանսպորտից օգտվելը երևանցիների համար դարձել է իսկական գլխացավանք։ Հունվարի 1-ից տրանսպորից կարելի է օգտվել բացառապես անկանխիկ եղանակով։ Արդեն 8 օր է ինչ կա փոփոխությունը, բայց քաղաքացիները գումարը ձեռքին, ավտոբուս կամ տրոլեյբուս բարձրանալիս, հայտնվում են անհարմար իրավիճակում։ Իրազեկման ոչ պատշաճ վիճակը մի կողմ թողնելով՝ կան բազմաթիվ անհարմարություններ։ Շատ հաճախ բանկային քարտերով վճարումներ կատարել չի լինում, քանի որ համարկարգը չի հասկանում քարտը, կա կապի խնդիր և այլն։ Այստեղ էականն այն է, որ Երևանի քաղաքապետարանը բոլոր ավտոբուսներում, այդ թվում նախկինում ձեռք բերված, տեղադրեց միայն 100 դրամանոց մետաղադրամներ ընդունող սարք և հիմա ապամոնտաժում է դրանք, իսկ դրա համար վճարում է ՀՀ հպարտ քաղաքացին՝ նույն ինքը հերոս հարկատուն։

Այս բարեփոխումների շարքում հունվարի 1-ից մի շարք նախկինում ձեռք բերված հին ավտոբուսներ փոխարինվեցին նորերով՝ 44 համար, 65 համար և այլն։ Այսօր և երեկ առավոտյան Ավան վարչական շրջանից 65 համարի ավտոբուսին քաղաքացիները սպասել են 40 րոպե և ավելի։ Ասում են, որ լսել են, թե երթուղին նոր ավտոբուսով է համալրվել, սակայն չեն տեսել։ Նման իրավիճակ է եղել նաև Նոր Նորքում՝ 44 համարին սպասելիս։

Նկատենք, որ հայտարարվեց 171 նոր ավտոբուս ձեռք բերելու մասին, սակայն մանրամասներ՝ թե որտեղի՞ց է գնվել, ո՞վ է նվիրել ինչքա՞ն է արժեցել, չգիտենք։ Քղաքացիներն ասում են՝ երբ ուշանալու համար դժգոհում են քաղաքապետարանի և քաղաքացիների միջև վահան դարձած վարորդներին, նրանք պատասխանում են, թե ուշանալու պատճառն այն է, որ գծից հանվել է ավելի շատ մեքենա, քան բերվել է և տարբերությունն, իսկապես, մեծ է։

Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակում է անհարմարություններ պատճառել երևանցուն, բայց պատրաստվում է թանկացնել սակագինը միանգամից 3 անգամ։

Բացի այդ, առանց որևէ իրազեկման երեկ քաղաքապետարանը միանձնյա որոշմամբ ուղետոմսերի վավերականության ժամկետը 7 օրվա փոխարաեն դարձրել է 4 օր։ Նշենք, որ գործարկման սկզբում 30 օր էր։

Փաստորեն փետրվարի 1-ից քաղաքացին շարունակելու է ավտոբուսներում մխրճված երթևեկել, կանգառներում սպասել 40 րոպե և ավելի, վճարման համակարգի անսարքության պատճառով հայտնել անհարմար իրավիճակներում՝ ունենալով ուղետոմս և պատահական պարզել, որ իր գնած տոմսի ժամկետն ավարտվել է, իսկ սրանց համար վճարել 300 դրամ՝ 100 դրամի փոխարեն։ Եվ բնավ նշանակություն չունի, որ իր հարկերից են մարվում ավտոբուսների ձեռք բերման վարկերը, ինչպես նաև 100 դրամանոցներ ընդունող արկղիկների գումարն ու Telcell-ի սպասարկման գումարները։ Ահա այս քաղաքային իշխանությունն է դեռ գործում մայրաքաղաքում։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան