Foto

Սիրիայի թուրքամետ նոր առաջնորդն առաջին պաշտոնական այցը Թուրքիա կկատարի Էրդողանին շնորհակալություն հայտնելու համար

Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ-Շարաան իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա։ Այն կարող է տեղի ունենալ հնարավորինս շուտ։ Այդ մասին հայտնում է Yeni Şafak թերթը, փոխանցում է ТАСС-ը։ Հրապարակման համաձայն՝ այցը պետք է կայանար առաջիկա օրերին, սակայն ծրագրում փոփոխությունների պատճառով հետաձգվել է։ Սպասվում է, որ այցի ընթացքում ալ-Շարաան կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որին, ինչպես գրում է թերթը, Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդը մտադիր է շնորհակալություն հայտնել Բաշար ալ-Ասադի վարչակազմը տապալելու գործում աջակցության համար։ Yeni Şafak-ը հիշեցնում է, որ Սիրիայում ընդդիմության իշխանության գալուց հետո Դամասկոս այցելած առաջին օտարերկրյա ներկայացուցիչը Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Կալինն էր։ Նրան հետևելով Սիրիայի մայրաքաղաք է այցելել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Սիրիայի նոր իշխանությունները Մուհամմեդ ալ-Բաշիրին նշանակեցին ժամանակավոր կառավարության ղեկավար։ Մեկնաբանելով իր նշանակումը՝ նա հայտարարեց, որ անցումային շրջանը հանրապետությունում կտևի մինչև մարտի 1-ը։ 
erkir.am