Foto

Վթար՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին, «BMW»-ն բախվել է էլեկտրասյանը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է

Հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Գևորգ Սահակյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով «Հյուսիս հարավ» նոր կառուցվող ճանապարհի Շիրակի փողոցում՝ թով 74/9 հասցեի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, ապա բախվել հողաթմբերին ու երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Սահակյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ 17-ամյա Ա. Ս.-ն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վիրավորներից Ա. Ս-ին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները և պատգարկով մոտեցրել շտապօգնութան ավտոմեքենային: