Foto

«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»

Այսպես կոչված խաղաղության պայմանագրի՝ հայ հասարակությանը ոչ հայտնի կետերին երեկ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հերթական անգամ սպառնացել է Հայաստանին պատերազմով, ինչպես նաև կասկածի տակ է դրել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։

Նա Հայաստանին մեղադրել է «տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու» մեջ՝ ասելով, որ մոտ 30 տարի Հայաստանը ղեկավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» կրողներ, որոնք երկիրը ձևավորել են «իրենց կերպարով»։ Ապա հայտարարել է, որ եթե Հայաստանն «ինքնուրույն չազատվի այդ «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի «գործել»։ «Այն կկործանվի կա՛մ Հայաստանի ղեկավարության, կա՛մ մեր ձեռքով։ Մենք այլ ելք չունենք»,- հավելել է Ալիևը։

Բոլորն էլ հիշում են Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ ինքը բանակցում է այն, ինչ պետք է։ Բայց հիմա մի կարևոր է հարց անպատասխան է մնում է՝ ո՞ւմ է պետք՝ Հայաստանի՞ն թե՞ Ադրբեջանին կամ թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ալիևը բացահայտ լկտիությամբ բացում է «խաղաղության» պայմանագրի մութ կետերը և պարտադրում կատարել իր պայմաններն, այլապես՝ մի շարք սպառնալիքներ հնչեցնում։

Նախ երեկ Ալիևը բացահայտ հրաժարվեց «խաղաղության» պայմանգրից, իսկ դա նշանակում է, որ 2021թ-ի ընտրություններում խոստացված և շուրջ չորս տարի տված բանակցություններն անարդյունավետ էին։ Փաշինյանը «խաղաղության դարաշրջան» չի կարողանալու բացել։ Իսկ երբ բանակցություններն անարդյունք ավարտվում են, ապա սկսվում է պատերազմը։ Հենց դրանից վախելալով էլ՝ հայ ժողովուրդը քվե տվեց Փաշինյանին, իսկ հիմա այլ սպառնալիք կա։ Այն ժամանակ մասնագետները պնդում էին, որ եթե կատարվեն այս կամ այն պահանջները, ապա դրանք գնալով ավելանալու են և հիշեցնում էին, որ ախորժակն ուտելիս է բացվում։ Ասվում էր նաև, որ հաջորդ զիջումը Սյունիքն է լինելու: Ցավոք, հիմա Ալիևը հայտարարում է, որ Սյունիքն իրենց պատկերացրած Արևմտյան Ադրբեջանի մասն է։

Ալիևը նախկին իշխանութուններին ֆաշիստներ անվանեց՝ հայ ժողովրդի աչքում մեղադրելով նրանց, բայց բացահայտ հայտարարեց, որ այս իշխանությանը վստահում է և կողմ է նրա բոլոր գործողություններին՝ միայն թե հիշեցնում է, որ խոստումների կատարումն ուշացնում է։ Այն էլ այն դեպքում է ուշացնում, երբ իրենք արդեն հստակեցրել են հաջորդ պահանջները։

ՀՀ վարչապետի արձագանքն Ալիևի հայտարարություններին վկայում են, որ դիտարկումները տեղին են։ Փաշինյանը մեկ բառ անգամ չասաց, որ Ալիևը ստում է, որ գոնե չափազանցնում է, որ բանավոր պայմանավորվածություն չկա, որ մեր երկիրը ֆաշիստական չէ, որ այդ վարքով խաղաղության չեն գնում և այլն։ Հայտարարեց միայն, որ ինքը միակողմանի գնում է «խաղաղության խաչմերուկ» նախագծի ճանապարհով, իսկ թե ո՞վ այնտեղ իր ձեռքը կսեղմի ոչ մեկը չգիտի։ Նույնիսկ չհայտարարեց, որ բանակի զինվել-չզինվելը Հայաստանի ներքին գործն է, որ 300 000 ադրբեջանցու վերադարձի հարց ինքը չի քննարկում, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» չկա և այլն։

Եվ այստեղ, գոնե հիմա, պետք է հիշել Եղիշե Չարենցի պատգամը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան