Նիկոլ Փաշինյանն օրերս ուղիղ եթերում
խոսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին, նշել, որ կուսակցությունը
միայն բարձրաստիճան պաշտոնյաների ու ՏԻՄ անդամների համար չէ, որ կուսակցությունում
պետք է ներգրավված լինեն նաև շարքային քաղաքացիներ, այնպիսիք, ովքեր կիսում են «Քաղպայմանագրի»՝
«Իրական Հայաստան» ունենալու տեսլականը:
Սա հասարակությանը սևերի և սպիտակների
բաժանելու հերթական դրսևորում է։ Ո՞րն է «իրական» Հայաստանը, իսկ եթե «իրական» Հայատանը
չես ընդունում, ՔՊ-ին չես անդամակցում, ապա ո՞ր Հայաստանից ես։
Ամենասովորական բացատարական բառարանն
իրական բառը բացատրում է հետևյալ կերպ
Իրականության մեջ գոյություն ունեցող՝
ունեցած: Իրական դեպք՝ պատմություն:
Ճշմարիտ, հավաստի, ստույգ: Իրական տվյալներ:
Հանգամանքների՝ երևույթների՝ փաստերի ըմբռնման ու
հաշվառման վրա հիմնված: Իրական մոտեցում՝ պատկերացում:
Շոշափելի, նշանակալից, Էական: Իրական օգնություն:
Իսկ որպես հականիշ կիրառվում են հետևյալ
ձևակերպումները․
անիրական, երևակայական, անգո, ցնորական,
ցանկալիական, մտացածին, անստույգ։
Ստացվում է, որ այն մարդիկ, որքեր ապրել
են մի օր իրենց պապերի ծննդավայր վերադառնալու, իրենց ավերակ եկեղեցիներում նորից պատարագ
մատուցելու հույսով ու ներքին հավատով, անիրական են, ցնորական ու մտացածին։
120 հազար արցախցի Արցախում ապրել է անիրակա՞ն
հայրենիքում։ Արդյոք ցնո՞րք էին Շուշին, Գանձասարն ու Ղազանչեցոցը։ Ցնորակա՞ն էին Արցախյան
երեք պատերազմների հերոսներն ու զոհերը, նրանց համար սո՞ւգնն էր էլ մտացածին։
Իսկ ինչ կա փաշինյանական իրականությունում,
որ չկար մինչ հիմա։ Ամեն մեկն իրեն հարց տվել է։ Այսքան իրական դժբախտություն էլ ե՞րբ է եղել՝ զոհեր, վիրավորներ, կորսված տարածքներ, անհասկանալի օրենքներ ու բարքեր, որդի սպանող
հայր, մայր թալանող ու սպանող զավակ, սեփական ծնողի նկատմամբ դատական հայց ներկայացնող
երեխաներ, կրթություն չունեցող իշխանավորներ․․․ Մի տեսակ Խորենացու Ողբը հիշեցնող պատկեր
է ստացվում։
Ի՞նչ է, իրականում հայ ու Հայաստան,
Հայկ Նահապետ ու Տիգրան Մեծ չի եղե՞լ, մենք «Արևմտյան Ադրբեջանում» ենք ապրո՞ւմ, թե՞
ինչ-որ ցնորամիտների անիրական ցանկություններն իրականություն ենք դարձնում՝ ի հակադրություն
ամենաթանկերի և ամենաիրականների:









