Foto

ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են նեղ խմբի շահին

Մինչ իրավապահները կանգնեցնում են Սամվել Կարապետյանի լուսանկարով ավտոբուսները, կամ  աշխատավարձը ներկայացնում որպես ընտրակաշառք,  ՔՊ-ն իր քարոզչության համար ծառայեցնում է իշխանության լծակները, արտոնությունները։ Հայտնում է «Փաստինֆոն»։

Աղբյուրը մանրամասնում է․

«Խոսքը չի գնում միայն խոցելի խմբերի թոշակների եւ նպաստների ավելացման մասին, որը ակնհայտ ընտրակաշառք էր՝ պետական բարձր մակարդակով, այլ  քարոզչական ավտոբուսին տրված արտոնությունների։  Քպական «սրտիկներով»  ավտոբուսները ոչ միայն ազատ երթևեկում են, որոնց համար ճանապարհ են բացում պարեկները, այլև՝ շարված են Հանրապետության Հրապարակում,որտեղ թույլատրվում է միայն կառավարական մեքենաների կայանումը։

Ըստ էության՝ սա վարչական ռեսուրսի կիրառման տիպիկ օրինակ է, քանզի Նիկոլ Փաշինյանը և գործող իշխանությունները, օգտվելով իրենց պաշտոնեական դիրքից, առավելություն են ստանում։

Պարզաբանենք՝ վարչական ռեսուրսը քաղաքական պաշտոնյաների և հանրային այլ ծառայողների տնօրինության տակ գտնվող իրավական, մարդկային, ֆինանսական, նյութական և ոչ նյութական միջոցներն են։ Ընտրություններին դրանց օգտագործումը հօգուտ որևէ քաղաքական ուժի, բերում է անհավասար պայմաններ։ Սա առնվազն հիմք է՝ վարչական պատասխանատվության։

Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40,8-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է տուգանք՝ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների և մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների համար, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար ։

Արդյոք որեւէ այլ քաղաքական ուժի կթույլատրվի իրենց քարոզչական մեքենաների կայանումը կառավարության հենց մուտքի մոտ, իհարկե, ոչ, սա միայն ու միայն ՔՊ-ի մենաշնորհն է, իսկ որտե՞ղ են իրավասու մարմինները, չկան, որովհետեւ նրանց գործունեության արտոնումը եւս ՔՊ-ի մենաշնորհն է, իսկ ինչ է սա, եթե ոչ իշխանության ուզուրպացիա»։