Ապրիլի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի ծննդատանը մահացել է Շիրակի մարզի բնակիչ Արմինե Մարգարյանի նորածին որդին։
«Մարգարյանի ամուսինը պատմել է, որ հղիության ամբողջ ընթացքում որևէ խնդիր չի եղել։ Նրա խոսքով՝ բոլոր հետազոտություններն ու անալիզները եղել են նորմայի սահմաններում, և անգամ կեսարյան հատման անհրաժեշտության մասին խոսք չի գնացել։
«Սա մեր երրորդ երեխան էր։ Նախորդ երկուսն էլ ծնվել են բնական ճանապարհով։ Այսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում, կնոջս բերել ենք Արթիկի ծննդատուն։ Մինչև ժամը 18։00-ն մեզ վստահեցնում էին, որ ամեն ինչ նորմալ է, երեխայի սրտի զարկերը լսվում են։ Սակայն վերջում ծնունդն ընդունող գինեկոլոգ Կարինե Չոփիկյանը տեղեկացրեց, որ նորածինը մահացել է՝ առաջացած բարդությունների պատճառով»,- նշել է նա։
Հոր խոսքերով՝ իրավիճակը բազմաթիվ հարցեր է առաջացնում։
«Մտա հերթապահ բժշկի մոտ․ նա ասաց, որ իրեն որևէ կերպ չեն տեղեկացրել բարդությունների մասին։ Եթե նման խնդիրներ կային, ինչո՞ւ ժամանակին կեսարյան հատում չկատարեցին։ Մեզ նաև ասել են, որ անգամ երեխայի գլուխը դուրս գալու պահին նա ողջ է եղել։ Այդ դեպքում՝ ինչպե՞ս եղավ, որ նա մահացավ…»։
Ծնողները արդեն դիմել են ոստիկանություն և պահանջում են, որ դեպքը մանրակրկիտ քննվի։ Նրանք պնդում են, որ իրենց երեխայի մահը հնարավոր էր կանխել, և մեղադրում են բժշկին անփութության մեջ։
Այս ողբերգությունը ոչ միայն մեկ ընտանիքի կորստի պատմություն է, այլ նաև ցավոտ հարցադրում ամբողջ համակարգին՝ արդյո՞ք ամեն ինչ արվել է կյանքի համար պայքարելու ընթացքում»,-գրում է shamshyan.com-ը









