Foto

Հայրս երբեք չի տեսել իմ պայմանագրերից և ոչ մեկը․ Մբապե

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է, որ հայրը երբևէ չի զբաղվել իր պայմանագրերի և աշխատավարձի հարցերով՝ անկախ նրանից, թե որ ակումբում է հանդես եկել։

«Ծնողներս պարզապես պահպանում էին իրենց երեխայի երազանքը՝ դառնալ մեծագույն ֆուտբոլիստ: Նրանք ինձ պաշտպանում էին այնպես, ինչպես կաներ ցանկացած ծնող։ Հայրս ֆուտբոլի մեծ երկրպագու է, և սկզբում բոլորը կարծում էին, թե հենց նա է ղեկավարում ամեն ինչ: Իրականում հայրս երբեք չի տեսել իմ պայմանագրերից և ոչ մեկը։ Եթե նա զբաղվեր դրանով, ինձ կվճարեին իմ նախկին աշխատավարձը (ծիծաղում է)։ Նա նույնիսկ աչքի չի անցկացրել պայմանագրերը, նրան դա պարզապես չի հետաքրքրում:

Այդ ամենով զբաղվում են իրավաբանները: Ժամանակի ընթացքում ինձ հաջողվեց շրջապատել ինձ այդ հարցերում կոմպետենտ մասնագետներով։ Սակայն ծնողներս մնում են այն մարդիկ, որոնց հետ ես կարող եմ խորհրդակցել ցանկացած հարցի շուրջ: Մայրս իրադարձությունների կենտրոնում է և իր վրա է վերցնում բոլոր հարվածները, բայց նա երբեք որևէ որոշում չի կայացնում առանց իմ համաձայնության: Այդ իսկ պատճառով ինձ ծիծաղեցնում է, երբ մարդիկ խոսում են ինչ-որ «Մբապեի կլանի» կամ «գործակալների» մասին. նրանք գործակալներ չեն»,- Մբապեի խոսքերն է մեջբերում The Bridge յութուբյան շոուն։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ազատ գործակալի կարգավիճակով ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխվեց 2024 թվականի ամռանը։ Նրա գործող համաձայնագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: Հեղինակավոր Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատում է 200 միլիոն եվրո։