Foto

Կառավարությունն օրինակ ծառա՞յի քաղաքացու համար, թե՞ վերցնի․ այս է խնդիրը

Ընկերոջը հյուր հրավիրելիս ինչքան դուք եք գումարը արդյունավետ ծախսում, այդքան ճշգրիտ կառավարությունն է անում: Այս մասին կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հլը նայեք, թե հյուր հրավիրելիս ինչքան ուտելիք եք թափում, հլը դեպք է լինում, որ չեք ուզում թափել, ուտում եք ու թունավորվում: Նոր տարի է գալիս, հիմա կսկսեն շտապօգնությունների կալոնաները դեպի թաղամասեր, կասեն՝ յոթ օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի»,- ասել է նա:

Ինչպես միշտ՝ լինի դա պետության կառավարում, «Խաղաղության» խաչմերուկ, թե ցանկացած այլ բան, վարչապետ Փաշինյանը համեմատում է և օրինակ է բերում սննդից։ Բյուջեն էլ անմասն չէ։ Բայց այն նույն ուտելիքային տրամաբանությունն ո՞ւմ է վերաբերում, ո՞ր քաղաքացիների մասին է խոսքը։ Հաշվի առնելով երկրում երկիշ աճող աղքատության շեմը, շատերը չեն կարողանում հյուր եկած ընկերներին հյուրասիրել նույնիսկ մինիմալ ծախսերով, որոշներն էլ՝ իրենց ընկերներին թողեցին մարտադաշտում, որոշներն էլ հաշմանդամություն ձեռք բերեցին և միմյանց հյուր գնալ և հյուրընկալել չեն կարողանում։ Կար ժամանակ, որ իրապես այդպես էր՝ պետության ներսում, քաղաքացիների տրամադրության անկման և քննարկման թեման որոշ պաշտոնյաների որդիների և բարեկամների լկտի պահվածքն էր և նրանց շուրջ հյուսվող լեգեդները։ Անձնական վիշտ չունեին և ընկերների հետ շատ ուտելիքներով զվարճանալը պարզապես օրվա լիաթոք ուրախությունն էր դառնում։  Ուրախություն կար նույնիսկ 90-ականներին, երբ հարևաններն իրենց ունեցածը վերցնում, բակում հավաքվում և նշում էին բոլորի ուրախությունն ու տխրությունը։

Իհարկե, կան նաև ֆինասապես ապահովված մարդիկ, որոնք ցուցամոլության սահմանները հատել են վաղուց և կերակուրն են ի ցույց դնում սոցիալական ցանցերում, նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց 120 000 հարենակից շրջափակման մեջ է, և այստեղ բնավ կարևոր չէ, թե ինչ կա այդ ցուցադրական հոլովակներում և լուսանկարներում։ Մարդիկ նույնիսկ երեխաների ձեռքը կոնֆետ չեն տալիս հաշվի առնելով, որ բակում, գուցե մեկ այլ երեխա այդ կոնֆետից չունենա։ Որոշները, թեև ունեն ֆինասական հնարավորություն, սակայն անհրաժեշտ սնունդ էլ չեն գնում, մի մասն էլ վարչապետի դիտարկման նման, անչափ շատ է գնումներ կատարում և այլն։

Հիմա այսքան տարբեր տեսակի մտածելակերպի պայմաններում, պետական բյուջեն ինչո՞ւ ծախսել մի մասի նման, որը հարմար է իշխանությանը։ Չէ ո՞ր վարչապետն ինքն էր հայտարարում, որ պաշտոնյան պետք է օրինակ ծառայի իր քաղաքացու համար, իհարկե, խոսքը ժամանակին ուղղված էր  համայնքապետերին։ Հիմա ի՞նչ քաղաքացու «սխալները» պետությունը պետք է կրկնի՞, թե՞ թե ինքն օրինակ ծառայի։ Օրինակ այսօր Նիկոլ Փաշինյանը կարող էր հայտարարել, որ քաղաքացիները հետևեն բյուջեի ճիշտ բաշխումներին և այդպես կատարարեն իրենց տոնական գնումները։ Գուցե այդ դեպքում միայն Երևան քաղաքի տոնական ձևավորման համար մոտ 550 մլն դրամ գումար չծախսվեր։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան