Foto

Կառավարությունը անհուսալի դասով դասակարգված վարկառուներին աջակցություն կտրամադրի

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը:

Բացի այդ, շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը ներկայիս մինչև 50 տոկոսի փոխարեն կսահմանվի 20 տոկոս: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կա 218 հազար մարդ, ովքեր ունեն 1 միլիոն դրամից պակաս վարկեր, որոնք դասակարգված են որպես անհուսալի։

«Այսինքն՝ այս պահին այդ մարդիկ ունեն չկատարված 1 միլիոն ու ավելի քիչ պարտավորություններ բանկային համակարգի նկատմամբ, որի պատճառներով «սև ցուցակներ»-ում են, դատական ակտերի կատարման պրոցեսի մեջ են, հիմա մենք նրանց առաջարկում ենք, որ նրանք կարող են աշխատել ու աշխատանքի ընթացքում պարտքերը մարելու համար ոչ թե նրանց աշխատավարձի 50 տոկոսը կբռնագանձվի, այլ՝ 20 տոկոսը»,- նշեց նա։

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի փետրվարի 1-ից։