Foto

«Հեզբոլլահ»-ը 250 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ Բեյրութի վրա իրականացված հարվածներից հետո

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ «Հեզբոլլահ» շարժումը Լիբանանից դեպի Իսրայել է արձակել շուրջ 250 հրթիռ։ BBC-ն հաղորդում է, որ սա Իսրայելի ամենամասշտաբային ռմբակոծությունն է սեպտեմբերից ի վեր, երբ սաստկացան ռազմական գործողություններն Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև։

Ըստ Իսրայելի ոստիկանության՝ երկրի հյուսիսային և կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ Թել Ավիվի մերձակայքում, վիրավորվել է մի քանի մարդ, որոշ շենքեր վնասվել են։ ԻՊԲ-ն հայտնել է, որ թաղամասերից մեկին ուղղակի հարվածի հետևանքով որոշ տներ «այրվել են և ավերվել»։

Այս հարձակումը հաջորդել է նոյեմբերի 23-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա իրականացված իսրայելական ավիահարվածին, որի հետևանքով 29 մարդ էր զոհվել։ Ընդհանուր առմամբ, այդ օրը Լիբանանում, ըստ երկրի առողջապահության նախարարության, իսրայելական հարվածներից 84 մարդ է զոհվել։ 

Հեզբոլլահ»-ը, որը նախկինում խոստացել է Բեյրութի գրոհներին պատասխանել Թել Ավիվի վրա հարձակումներով, հայտարարել է, որ բարձր ճշգրտության հրթիռներ է արձակել Թել Ավիվում և դրա մերձակայքում գտնվող երկու ռազմական օբյեկտի վրա։ 

Իր հերթին ԻՊԲ-ն ավելի ուշ հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 12 հրամանատարական կենտրոնների Բեյրութի հարավային Դահիեի արվարձանում, որտեղ շարժումը մեծ ներկայություն ունի։ 

Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ անցկացվող ռազմական գործողությունների նպատակն է պայմաններ ստեղծել երկրի հյուսիսային շրջաններից տեղահանված շուրջ 60 000 բնակչի ապահով վերադարձի համար։ Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը միմյանց հարվածներ են հասցնում Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ։

Իսրայելի հարվածների հետևանքով 2023 թ. հոկտեմբերից ի վեր Լիբանանում զոհվել է ավելի քան 3670 մարդ, 15 400 մարդ վիրավորվել է, նրան մեծ մասը՝ 2024 թ. սեպտեմբերից ի վեր։ Ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է։ Ավելի վաղ իսրայելական Kan հեռուստաալիքը հաղորդել էր, որ Իսրայելը նախնական հավանություն է տվել «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի համաձայնագրին։

Աղբյուրը ՝ 168.am