ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դեմ է արտահայտվել ռուս-ուկրաինական հակամարտությունում հակահետևակային ականների կիրառմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա հայտարարությունը տարածվել է ՄԱԿ-ի կայքում։
«Հակահետևակային ականները հստակ և իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար: Նույնիսկ մարտական գործողությունների դադարեցումից հետո այդ սարսափելի և ոչ ընտրողական զենքը կարող է մնալ, ահի մեջ պահել մարդկանց սերունդների», - գրված է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև աշխարհի ղեկավարներին կոչ է արել միանալ Հակահետևակային ականներն արգելման Օտտավայի կոնվենցիային, որը 1999 թվականին ուժի մեջ մտնելու պահից ստորագրել է 164 պետություն:
Օրերս Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմն արտոնել է հակահետևակային ականների կիրառումն Ուկրաինայում։