Foto

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում չափազանց կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար: Այս մասին տեղեկանցում է «Ինտերֆաքս»-ը։ 

Նշվում է, որ ըստ լեհական PAP գործակալության՝ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության խորհրդաժողովում (MARCOM)։

«Կարևոր տարածքների ավելի լայն և ավելի հստակ հսկողությունը, այդ թվում՝ հակաականային պաշտպանության նավերի օգնությամբ, որոնք հանդերձված են ռոբոտներով և տվիչներով ստորջրյա աշխատանքների համար, կոչված է որպես զսպող գործոն ծառայել հնարավոր դիվերսանտների համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նաև նշվում է, որ «պաշտպանության ուժեղացման նպատակով մշակվում է նոր ծրագրային ապահովում, որը վերլուծում է կապի ավտոմատ համակարգի տվյալները ծովային փոխադրամիջոցում, արբանյակային պատկերները և ենթակառուցվածքի տվիչների ազդանշանները»: Պլանավորվում է, որ ծրագրային ապահովման առաջին տարբերակի օգտագործումը սկսվելու է դեկտեմբերին:

Խորհրդաժողովում նշվել է, որ «Բալթիկ ծովում ստորջրյա խողովակներն ու մալուխները գտնվում են միջին հաշվով մի քանի տասնյակ մետր խորության վրա և ավելի հեշտությամբ են վնասվում, քան, օրինակ, Միջերկրական ծովում, որտեղ դրանք ընկած են ավելի քան մեկ կիլոմետր խորության վրա»։

Նոյեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ վնասվել է Լիտվայի և Շվեդիայի, իսկ հաջորդ օրը՝ Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև ստորջրյա մալուխը։

Աղբյուրը ՝ Armenpress