Foto

Սիմոն Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» մրցանակակիր ներկայացումը կբարձրանա Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմ

Երևանյան միջազգային թատերական փառատոնի հրավերով դեկտեմբերի 5-6-ին Հայաստանում առաջին անգամ կներկայացվի աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային ներկայացումը։ Ֆրանսիական ազգային թատրոնի Մոլիեր մրցանակի եռակի դափնեկիր «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը, որը հնարավոր է դիտել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ և տպավորիչ խորեոգրաֆիայով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոն Աբգարյանը Հայաստան է ժամանում իր թատերախմբի՝ Քոմքանի դե սընք ռու-ի (Compagnie des 5 roues) հետ։ 

«Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը հունական հնագույն առասպելի հզոր վերաիմաստավորումն է: Արգոսի ամենաաղքատ շրջանում ծավալվող այս հուզիչ ներկայացումն ամբողջապես վերափոխում է վրեժխնդրության դասական պատմությունը: Էլեկտրան՝ նախկին արքայադուստրը, իսկ այժմ հասարակաց տան սպասուհին, այրվում է զայրույթից և հուսահատությունից՝ սպասելով իր եղբոր՝ Օրեսթեսի վերադարձին։ Նրանք միասին կդիմակայեն իրենց մոր՝ Կլիթեմնեստրայի բռնակալությանը։

Ներկայացումն ուղեկցվում է Howlin' Jaws խմբի աշխույժ ռոք-ն-ռոլով, ցնցող խորեոգրաֆիայով և ձայների խմբերգով, որոնք կյանք են հաղորդում յուրաքանչյուր տեսարանին, «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը տեսողական և զգացմունքային տոնախմբություն է: