Foto

Ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանն ամեն գնով հեռացրեց արդարադատության նախարարին և ում է նշանակելու

Արդեն 10 օր է, ինչ Հայաստանի Հանրապետությունն արդարադատության նախարար չունի։ Նախկին նախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին է հրաժարականի դիմում ներկայացրել։

Մինչ Մինասյանի հրաժարականի դիմում ներկայացնելն, արդեն իսկ հրապարակ էին նետվում հավանական թեկանծուների անուններ` Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան և այլն։

Մամուլը գրում էր, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է որոշելու, թե ո՞վ լինի նոր նախարարը։ Ընդ որում, Vesti.am-ի աղբյուրի փոխանցմամբ, Գրիգոր Մինասյանի հրաժարականը պահանջող ստորագրահավաքի մտահղացումը  եղել է հենց Անդրանիկ Քոչարյանինը, որին միացել են երկու տասնյակից ավելի ՔՊ-ականներ։         

Հրաժարական պահանջելու քաղաքական պատճառն այն էր, որ Մինասյանը փոխնախարարի պաշտոնը վստահեց Սիրվարդ Գրիգորյանին, ով նկարվել էր Ռոբերտ Քոչարյանի դստեր՝ Գայանե Քոչարյանի հետ, այն էլ Ռոբերտ Քոչարյանի գիրքը ձեռքին։ Բնականաբար՝ Քոչարյանի հետ ասոցացիան չներվեց և փոխնախարարը հրաժարական ներկայացրեց։ Նրան վստահելն էլ Ադրանիկ Քոչարյանը չներեց Գրիգոր Մինասյանին և, մեծ ջանքերի շնորհիվ, հեռացրեց պաշտոնից։ Այս պատճառը տեսանելի է բոլորին, բայց նկատենք, որ Անդրանիկ Քոչարյանը ևս սրա մասին բացահայտ խոսում է, ընդ որում այլ խնդիր էլ կա։

Vesti.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Քոչարյանն, իսկզբանե, չի ցանկացել նախարարի պաշտոնում տեսնել Միասյանին և այդ մասին Նիկոլ Փաշինյանին ասել է։ Պատճառն այն էր, որ Միասյանը յուրային չի կարող լինել՝ նա Սերժ Սարգսյանի փեսայի եղբայրն է և Արա Միասյանի որդին, ում Քոչարյանը երբեք չի հանդուրժել։ Նա այս մասին բացահայտ խոսում է ոչ միայն ԱԺ-ում, մտերիմների շրջանակներում, այլև՝ լրագրողների հետ զրույցում է դժգոհություն հայտնում Մինասյանի գործունեության վերաբերյալ։

«Այո, ես դժգոհ էի արդադարադատության փոխնախարարի նշանակումից»,-լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 27-ին ասել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։

Արձագանքելով փոխնախարարի հրաժարականի վերաբերյալ՝ Գրիգոր Մինասյանի մեկնաբանությանը՝ Քոչարյանն ասել էր՝ կուզեր, որ Գրիգոր Մինասյանը Սահմանադրություն կարդար։

«Արդարադատության նախարարը փաստորեն Սահմանադրություն չի կարդացել և չգիտի, որ պատգամավորները խժդժություններով չեն զբաղվում։ Նրանք Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրացնում են»,- նշել էր Քոչարյանը՝ արձագանքելով Մինասյանի՝ փոխնախարարի վերբերյալ հրաժարականի գրառմանը, որտեղ նա նշել էր․ «Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»։

Քոչարյանի խոսքով՝ «բոլորին հայտնի է, որ մարդիկ դժգոհ են արդադարդատության ռեֆորմներից, կադրային  քաղաքականությունից»։ 

Vesti.am-ի աղբյուրը պատմեց, որ մինչ փոխնախարարի հրաժարականը Քոչարյանը զանգել է Մինասյանին և պահանջել, որ նա աշխատանքից ազատի քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանին, քանի որ նա «նախկին» է: Ի պատասխան՝ Գրիգոր Մինասյանը պնդել է, որ նա լավ կադր է ու կշարունակի աշխատել, և եթե կա դժգոհություն՝ գործունեության մասով, կարող է ասել:

Գրիգոր Մինասյանի այս պատասխանից հետո Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ «եթե չհանես Ամբակումին, հալդ կտենաս»: Եվ պատահական չէր, որ Մինասյանի հրաժարականի հաջորդ առավոտյան նույն «հետքերով» գնաց Ամբակում Գրիգորյանը: 

Նիկոլ Փաշինյանի Հայաստան վերադարձից հետո, Քոչարյանը կապ է հաստատել նրա հետ և հորդորել չշտապել նախարարի նշանակման հարցում, ապա խնդրել է ևս մեկ շաբաթ՝ այդ ընթացքում յուրային և վստահելի կադր գտնելու համար։ Ինչպես պաշտպանության նախարարի և մի շարք այլ կարևոր և անվտանգային պաշտոնների դեպքում, հիմա էլ է Անդրանիկ Քոչարյանը որոշում՝ ով կպաշտոնավարի։ Այս դեպքում տրամաբանական հարց է ծագում. եթե Քոչարյանը բոլոր կադրերում յուրային է փնտրում, ապա ինքն իրեն յուրային համարո՞ւմ է իսկ իրեն վստահողները հիշո՞ւմ են, որ ինքն էլ պակաս նախկին չէր և ժամանակին բավականին սերտ է շփվել նախկին իշխանությունների հետ, հավանաբար՝ նաև նկարվել հետները։ Գուցե մոռացե՞լ են, որ նույնիսկ ԱԺ պաշտոնական կայքում 2000թ-ից հետո նրա գործունեությունում նշվում է, որպես ինչ-որ ՀԿ-ների նախագահ և քաղաքական ակտիվ գործունեությունը 2018թ-ից սկսած է շարունակվում։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան