«Բաքվի և Երևանի միջև բանակցությունները
շարունակվում են «տարբեր ուղղություններով»,-լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար
Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ հունիսի
վերջին Ադրբեջանը խաղաղության օրակարգի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել հայկական
կողմին. «Սակայն Հայաստանի սահմանադրության մեջ դեռևս կան դրույթներ Ադրբեջանի դեմ։
Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ»։
Բայրամովն ընդգծել
է, որ Ադրբեջանի դիրքորոշումը խաղաղության օրակարգում «շատ հստակ է ձևակերպված». «Ադրբեջանական
պետությունը դրա հեղինակն է։ 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահը
ելույթ ունեցավ և առաջարկեց խաղաղության օրակարգ Հայաստանի համար»։
Ադրբեջանի ԱԳ նախարարը մի կողմից հայտարարում է, թե իբր խաղաղություն են ուզում, մի կողմից էլ պարտադրում է իր կանոնները և հայկական կողմին հիշեցնում, ապա սպառնում է 44 օրյա պատերազմի նման կամ գուցե դրանից էլ վատ պատերազմով։ Սրա վկայությունը Բայրամովի վերջին միտք է «․․առաջարկեց խաղաղության օրակարգ Հայաստանի համար»։ Եթե իրապես խաղաղության օրակարգ է, ապա պետք է լինի երկու կողմի համար, ծառայի բոլորի շահերին: Բայց Ադրբեջանի խոսույթն այն է, որ եթե այդքան շատ եք ուզում այդ խաղաղությունը, ապա կասենք, թե ինչ անենք։ Առաջարկների ամեն նոր փաթեթի հետ նոր պայմաններ են հավելում։ Նախ Արցախից հայկական զորքի դուրս բերումն էր, հետո ականապատ դաշտերի քարտեզներ պահանջեցին, ստիպեցին մոռանալ գերիների և անհետ կորածների մասին, տարածքներ օկուպացրին և ստիպեցին հայտարարել, որ այն իրենցն է։ Ուժով պարտադրեցին կռիվ չանել Սև լճի 20 տոկոսի համար և այլն։ «Խաղաղության» հաջորդ և ամենացավոտ պահանջն Արցախից հրաժարումն էր՝իր բոլոր հետևանքներով: Հիմա էլ արդեն պահանջում են փոխել Սահմանդրությունը, հաջորդ պահանջն էլ կներկայացնեն առաջարկների նոր փաթեթով և էլի կհայտարարեն, որ խաղաղություն են ուզում Հայաստանի համար: Իսկ խաղաղության պայմանագիր չի կնքվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն ու իր մեծ եղբայր Թուրքիան այլ պահանջներ էլ ունեն։ Հենց սրա համար է ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապում օր առաջ ստորագրել այդ պայմանագիրը։









