ՀՅ Դաշնակցության
առաջարկով Սոցիալիստական Ինտերնացիոնալը (Ընկերվար
Միջազգայնական) անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։
Հունվարի
11-ին «Սոցիալիստական Ինտերնացիոնալի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» վերտառությամբ
ընդունված հայտարարությունը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև․
Սոցիալիստական Ինտերնացիոնալն իր մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի` որպես Հայաստանի և Լեռնային
Ղարաբաղի միջև եզակի ցամաքային կապի, արգելափակման առնչությամբ։
Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել
միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի
նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
Հումանիտար իրավիճակը ծայրաստիճան լարված է, ուստի Սոցիալիստական
Ինտերնացիոնալը կողմերին խստորեն հորդորում է գնալ երկխոսության և բանակցությունների,
կանխել արգելափակման հետևանքով խաղաղ բնակչության
հումանիտար ճգնաժամը:
ՀՅ
Դաշնակցությունը շարունակում է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների միջոցով, ինչպես
նաև կուսակցության արտաքին քաղաքական հնարավորություններով լայնածավալ աշխատանքներ
տանել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, միջազգային զորակցության ապահովման
և Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումների առաջացման ուղղությամբ։