ՀՀ Ներքին գործերի նախարարության պատվիրակությունը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 8-12-ը աշխատանքային այցով գտնվել է Գերմանիայում և Ֆրանսիայում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ պատվիրակությունը «Եվրոպայի խորհրդի «Տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության ամրապնդում Հայաստանում» ծրագրի շրջանակում այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակ։
Հայկական կողմը ծանոթացել է ժամանակավոր պաշտպանության դիրեկտիվի կիրառման արդյունքում Գերմանիայում կուտակված փորձառությանը, ինչպես նաև համեմատվել են պետությունների կողմից կիրառվող ժամանակավոր պաշտպանության մեխանիզմների առանձնահատկությունները։
Ներկայացվել են նաև Գերմանիայի կողմից իրականացվող վերաինտեգրման ծրագրերը։
Պատվիրակությունն այցելել է նաև Գերմանիայի միգրացիոն գերատեսչության՝ Զիրնդորֆ քաղաքում տեղակայված մասնաճյուղ, ծանոթացել ապաստանի ընթացակարգերին ու կացարանային պայմաններին։
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղակայված Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակում ԵԽ գործընկերների հետ տեղի ունեցած քննարկման ընթացքում Արմեն Ղազարյանը տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում բարձր է գնահատել գրեթե երկամյա երկկողմ համագործակցությունը։ Նա Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ միգրացիոն գործընթացների առաջին համատեղ ծրագիրը կարևորել է նաև ոլորտի բարեփոխումների և զուգահեռ ճգնաժամերի կառավարման համատեքստում՝ ընդգծելով մասնավորապես ծրագրի ճկունությունը։
Եվրոպայի խորհրդի գործընկերները հայկական կողմին են ներկայացրել Խորհրդի համագործակցության ծրագրերի բաժնի աշխատանքները, Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման մեխանիզմներն ու ընթացակարգերը, ԵԽ խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով հանձնաժողովի՝ հայաստանյան գործընթացներին առնչվող հարցերը, Եվրոպական իրավական համագործակցության կոմիտեի աշխատանքները։
Հանդիպում է տեղի ունեցել նաև ԵԽ–ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հետ։