Սեպտեմբերի 16-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ Բեռլինի Թումո կենտրոնում կազմակերպեց պաշտոնական ընդունելություն:
Միջոցառմանը մասնակցում էին Գերմանիայի կառավարության պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:
Բացման խոսքով ելույթ ունեցան Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերի հանձնակատար դր. Նիկլաս Վագները:
Դեսպանն իր ելույթում մասնավորապես նշեց․ «Անկախության ճանապարհը հայ ժողովրդի գիտակցված որոշումն էր՝ ապրել ազատ, անկախ և արժանապատիվ. արժեքներ, որոնք այսօր էլ մնում են հայ ժողովրդի համար կենտրոնական։ Անկախ պետականությունը ոչ միայն ազգային անվտանգության բաղադրիչ է, այլև ինքնիշխանության, ժողովրդավարության և խաղաղ ապրելու մշակույթի արտահայտություն. կենսակերպ, որին հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունը։
Խոսելով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ մասնավորապես ընդգծեց․ «Մեր ողջ տարածաշրջանում այսուհետ կգերիշխի ոչ թե հակամարտության, այլ խաղաղության տրամաբանությունը։ Խաղաղության և միջպետական հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիրը լայն հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների և Եվրոպական Միության համար»։
ՀՀ դեսպանը բարձր գնահատեց Հայաստանի և Գերմանիայի միջպետական հարաբերությունները, քաղաքական բարձր երկխոսությունը և բազմաթիվ ոլորտներում երկկողմ ակտիվ փոխգործակցությունը։
Ելույթի վերջում հատուկ շնորհակալություն հայտնեց Բեռլինի Թումո կենտրոնի հյուրընկալության համար։
ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերի հանձնակատար դր. Նիկլաս Վագներն իր խոսքում մասնավորապես նշեց․ «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրով Հայաստանը և Ադրբեջանը նոր էջ են բացել իրենց պատմության մեջ. երկու երկրներն էլ պատրաստ են բարդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով և գնալ դժվար փոխզիջումների։
ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների հետ միասին՝ Գերմանիան տևական ժամանակ ակտիվ քաղաքական աջակցություն է ցուցաբերել խաղաղության բանակցություններին։
Մենք կշարունակենք մեր ԵՄ գործընկերների հետ քաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հետագա քայլերում։ Մենք մեր հարևան երկրների հետ հաշտեցման մեր սեփական պատմությունից գիտենք, որ երկարատև խաղաղությունը ժամանակ է պահանջում»։