Հավանաբար ինքներս
էլ չնկատեցինք, թե ինչպես Հայաստանը տարեցտարի վերածվեց մեծ տոտալիզատորի, որտեղ խաղադրույքներ
են կատարվում ոչ միայն «Ռեալ-Բարսա» հակամարտության վրա: Սկզբում խաղադրույք էր արվում,
թե Սաշիկի «50-50»-ը կբացահայտվի՞, թե՞ ոչ: Հետո խաղադրույքները մեծացան, որովհետև
արդեն մարդիկ մտածում էին, թե Ռոբերտ Քոչարյանին կդատեն, թե ոչ: Ավելի ուշ սկսեցին
խաղադրույք կատարել՝ բանակին ելա՞կ, թե՞ զենք: Հետո եկավ պատերազմը և մենք տեղերում
հերթական անգամ խաղադրույք էինք կատարում՝ «գյոռբագյո՞ռ», թե՞ «դագդիգագան նահանջ»,
իսկ նոյեմբերի 9-ից հետո սկսեցինք խաղադրույքներ կատարել՝ փողոց ելած ընդդիմությունը
Նիկոլին կվռնդի, թե՞ կգնա տներով, քանի՞ հոգի կգիշերի ցուրտ վրաններում, Նիկոլը ՊՆ
բունկերո՞ւմ է, թե՞ կառավարական դաչայի: Երբ փակվեց Լաչինի միջանցքը, մենք կրկին խաղադրույք էինք կատարում՝ քանի օրից կբացվի, նոր տարո՞ւն, թե՞ զատկի տոնին կբացվի: Եվ այսպես մինչ այսօր, ու, ավաղ, դեռ անվերջ …
«Հայաստան» տոտալիզատորում
խաղադրույքները բուքմեյքերական կետերում չեն արվում, դրույքն էլ ոչ թէ դրամ է, այլ
երկրի ու ժողովրդի ճակատագիրը: Այո, այս ամենը հենց խաղադրույք է, որովհետև յուրաքանչյուր
խաղամոլ հույսը դնում է սեփական բախտի, ուրիշի անհաջողության, բուքմեյքերի ազնվության
վրա՝ հաղթելու համար ոչինչ չանելով: Միայն մի քանի հարյուր կամ հազար մարդ անկարող
են այս տոտալիզատորից կտրել հարյուր հազարավորներին, որովհետև բազմոցին հարմար է, սենյակում
տաք է, սառնարաը կողքին է, իսկ կատարած դրույքը՝ պետականությունը, իրենցը չէ, դրա համար
չեն քրտնել, դրանով չեն շնչել, պետության ու իրենց մեջ կապ չկա, ժառանգականությունը
խզվել է:
Ճակատագրական
օրեր ենք ապրում: Այն, ինչի մասին դեռ 5 տարի առաջ միայն պատմությունից գիտեինք, հիմա
անցնում ենք մեր արյան ու նյարդերի հաշվին: Ծայրահեղ անհրաժեշտ է շտապ կանգնեցնել այս
տոտալիզատորը, մարդկանց ետ վարժեցնել պասիվ դիտորդի հարմարավետ կարգավիճակից, որովհետև
տոտալիզատորը երբեք չի պարտվում: Եվ մի հարցրեք, թե ո՞վ պետք է դա անի, որովհետև այդ
հարցից անմիջապես հետո վազելու եք հերթական խաղադրույքն անելու:









