Foto

Տարածաշրջանն ու բարդ վայրիվերումները

Ամենօրյա ռեժիմով հարավկովկասյան տարածաշրջանում տեղի են ունենում գերակատիվ վերադասավորումներ։ Բացի աշխարհաքաղաքական բևեռների սեփական շահերն առաջ տանելուց, տարածաշրջանային դեմքերը նույնպես ակտիվ այցերի մեջ են։ Վերջին օրերի գլխավոր տարածաշրջանային իրադարձությունն Իլհամ Ալիևի այցն էր Վրաստան: Առաջին հայացքից՝ ոչ մի տարօրինակ բան, քանի որ Ադրբեջանն ու Վրաստանը խոսակցության բավականին հագեցած երկկողմ ու բազմակողմ՝ մասնավորապես տարածաշրջանային օրակարգ ունեն: Սակայն սա վերջին 7 տարիների ընթացքում Ալիևի առաջին այցն էր Վրաստան, ի դեպ՝ աշխատանքային, որը տեղի ունեցավ լիովին անսպասելի: Ավելին՝ Ալիևի այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպում տեղի չի ունեցել: Վրաստանի նախագահի վարչակազմը շտապեց հայտարարել, որ իրենց չեն տեղեկացրել Ալիևի՝ Վրաստան աշխատանքային այցի մասին:

Նշենք նաև, որ այցից հետո քննարկվեցին Վրաստանի ու Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններում տեղ գտած որոշ տարբերություններ և այլն, սակայն գլխավոր հարցը հետևյալն է՝ որն էր 7 տարվա մեջ այս միակ այցի գլխավոր նպատակը: Ալիևի խոսքից պարզ դարձավ, որ ադրբեջանական կողմը Վրաստանի հետ կապված բավական հեռուն գնացող պլաններ ունի։  Մասնավորապես, հաջորդ հինգ տարիների ընթացքում Ադրբեջանը նախատեսում է կրկնապատկել բնական գազի արտահանումը Եվրոպա։ Ադրբեջանը նախատեսում է ավելացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուպսա նավթատարների միջոցով մատակարարվող նավթի ծավալները: Այդ գործում կներգրավվի նաև նավթային տերմինալը, որը գտնվում է Վրաստանի արևմուտքում՝ Սուպսա գյուղում։ Բացի դրանից՝ Ադրբեջանը պատրաստվում է Վրաստանով 157 ԳՎտ էլեկտրաէներգիա մատակարարել միջազգային շուկաներ։

Ըստ էության՝ այցն անսպասելի էր, քանի որ, տեղեկություններ կան, որ շտապողականությունը պայմանավորված է եղել քննարկվելիք անհետաձգելի թեմաներով, որին արարողակարգային ավելնորդությունները կարող էին խանգարել: Թեմատիկ առումով քննարկումները կարելի է բաժանել երկու հատվածի՝ էներգետիկ-տնտեսական-հաղորդակցական և ռեգիոնալ՝ Վրաստան-Հայաստան-Ադրբեջան: Ընդգծենք, որ անհետաձգելի թեման կոնկրետ վերաբերում էր եռակողմ ձևաչափին ու ադրբեջանական կողմի առաջարկին: Այստեղ հատկապես ուշադրության է արժանի այն թեման, որ այս առաջարկը հնչում է այն ժամանակ, երբ տեղի են ունեցել Պրահայի բանակցությունները և սպասվում են Մոսկվայի եռակողմ բանակցությունները՝ Պուտինի միջնորդությամբ:

Կարող ենք եզրակացնել, ինչը ստեղծված իրավիճակում բավական տրամաբանական է, որ եթե այս ձևաչափը պետք է քննարկի Հայաստան-Ադրբեջան խնդիրները և ոչ տարածաշրջանային ենթակառուցվածքների թեման, ապա ամենայն հավանականությամբ Ադրբեջանը խնդրահարույց է դիտարկում այս պահին թե՛ մոսկովյան ձևաչափը, թե՛ Պրահայի: Պրահայից հետո, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն անընդունելի է համարում Մակրոնի միջնորդությունը, սակայն Ադրբեջանի համար խնդրահարույց է նաև Մոսկվայի միջնորդությունը, քանի որ Մոսկվան ամեն գնով փորձելու է երկարաձգել իր խաղաղապահ ներկայությունը Ղարաբաղում, ինչին Ադրբեջանը դեմ է: Ուստի ամեն դեպքում նման նոր կամ այլընտրանքային ձևաչափ է առաջարկվում, որպեսզի գործընթացն ամեն դեպքում չընդհատվի: Չի բացառվում նաև, որ այդ մեխանիզմը վերաբերում է տարածաշրջանային պրոյեկտներին, սակայն տպավորությունն ու շեշտադրումներն այնպիսին էին, որ թվում է՝ խոսքը հակամարտությանն է վերաբերում:

Ի դեպ՝ բոլորս ենք հավանաբար հիշում, որ դեռևս մեկ տարի առաջ Վրաստանի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից տարածաշրջանում խաղաղության, հարևանության գաղափար էր առաջ քաշում, որում Վրաստանը հանդես կգա որպես քննարկումների, բանակցությունների հարթակ: Սակայն, ինչպես հայտնի է, դրան ընթացք չտրվեց, բանակցեցին ռուսական հարթակում, անցան եվրոպականին ու գուցե վերադառնան տարածաշրջանային ձևաչափ։ Որևէ մեկը վստահ չի կարող ասել, քանի որ սա փոփոխական գործընթաց է՝ անընդհատ փոփոխվող խաղացողներով, ինչպես նաև բարդ վայրիվերումներով:

Արմեն Հովասափյան