Foto

Արևմուտքը փորձում է այսպես կոչված կարգավորման նախաձեռնություը վերցնել իր ձեռքը.քաղաքագետ

Պրահայում կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես միշտ, մեզ մոտ արժանացան հախուռն ու հուզական գնահատականների, բայց դուրս մնաց ամենից կարևորը՝ իրագործելիության հավանականությունը։ Նպատակը ակնհայտ է․ օգտվելով Ռուսաստանի շուրջ ձևավորված իրավիճակից, Արևմուտքը փորձում է այսպես կոչված կարգավորման նախաձեռնություը վերցնել իր ձեռքը։ Գինը՝ Արցախի ճակատագիրն է և Հայաստանի անվերապահ հնազանդեցումը համաթուրքական կամքին։ Բայց թե որն է այդ կամքի ծավալման շրջանակը, չգիտի ոչ–ոք, անգամ նա, ով Հայաստանի կողմից հանդես է գալիս «խաղաղության» թիվ մեկ պրոպագանդիստի դերում։ Իրավիճակն այս առումով ունի կանխատեսելիության ցածր աստիճան, ինչը նանակում է, որ ավելորդ իլյուզիաներ պետք չէ ունենալ, պետք է պատրաստ լինել պատերազմի։ Ինչու՞․


1. Նախ «Եվրոպական քաղաքական համայնքը» այն հարթակը չէ, որտեղ հնարավոր կլիներ նման մակարդակի «գործարքները» կյանքի կոչել։ Սա, ի դեպ, հասկանում են նաև մեր թշնամիները։ Նախաձեռնությունը ֆրանսիական է, իսկ հենց Էրդողանը երեկ Պրահայում տեսախցիկների առաջ կոչ էր անում Ֆրանսիայի նախագահ Մակրոնին միանալ թուրքալեզու երկրների կազմակերպությանը։ Հարթակը, որի նախաձռնողն է նման ծաղրի ու հեգնանքի արժանանում, արդեն իսկ լավատեսություն չի ներշնչում։ Երկրորդ, ներքին հակասությունների ծանրության տակ Եվրոպան ինքն է այսօր ապրում դժվար ժամանակներ, ինչը նվազեցնում է կարգավորման գործի նախաձեռնության համար անհրաժեշտ սկզբունքայնությունը։


2.Ալիևի և Էրդողանի հեգնական, սպառնալից ու վերջնագրային հռետորաբանությունը ինչպես գագաթաժողովի շրջանակներում, այնպես էլ դրանից հետո խոսում է հենց թշնամու մոտ խաղաղության ձգտելու բավարար կամքի բացակայության մասին։ Էրդողանի հեգնական այն ակնարկը, թե Հայաստանի հետ ինչպես վարվել ենք, շարունակելու ենք այդպես էլ վարվել և Ալիևի այն լրացումը, թե խաղաղության պայմանագիրը չի կարող շրջանցել ադրբեջանաան հինգ նախապայմանները, հիմք են տալիս կարծելու, որ Ադրբեջանն ու Թուրքիան այս գործընթացով պարզապես խաղադրույքներն են բարձրացնում և փորձում անուղղակի կերպով ներգործել Ռուսաստանի՝ այս հարցում ունեցած տարբերվող տրամադրության վրա։


3. Ալիևը Պրահայում հայտարարեց նաև, որ Ադրբեջանը նախատեսում է զգալիորեն ավելացնել գազի արտահանումը Եվրոպա՝ դառնալով Եվրոպային էնէրգետիկ ռազմավարական կարևոր գործընկերը։ Նրա խոսքով՝ «աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը կտրուկ ավելացրել է Ադրբեջանի ռեսուրսների պահանջարկը։ Ադրբեջանը սկսել է ինչպես նոր գազային հանքավայրերի շահագործմանը, այնպես էլ ավելացնում է գործող հանքավայրերի արդյունահանումը, որը կօգնի մինչև 2027 թվականը դեպի Եվրոպա արտահանման ծավալները հասցնել նվազագույնը 18 միլիարդ խորանարդ մետրի»։ Սա դեռ չհաշված Ադրբեջանից Եվրոպա արտահանվող նավթն ու էլեկտրաէներգիան։


4. Պրահայի գագաթաժողովին հետևեց մեկ այլ հատկանշական իրադարձություն․ Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքվեցին ակտիվիստներ, ովքեր պահանջում էին Ղարաբաղից դուրս բերել ռուս խաղաղապահներին՝ «Օկուպացիոն ռուսական բանակ, հեռացի՛ր Ղարաբաղից» գրությամբ։ Վանարկում էին՝ «Ռուսական բանակը կատարեց Խոջալուի ողբերգությունը՝ «Արյունոտ հունվար»։ Քանի դեռ ռուսական բանակը մնում է, օկուպացիան չի ավարտվի»։ Միամտություն կլինի կարծելը, թե նման միջոցառումներն ու զուգադիպությունները Ադրբեջանում տեխի են ունենում առանց իշխանությունների ցանկության ու թույլտվության։ 


5. Ոչ պակաս մտահոգիչ է հայկական իշխանական շրջանակներից ակնկալվող պաշտոնական գնահատականների բացակայությունը։ Պաշտոնական Երևանը սեփական ժողովրդի հետ անկեղծ լինելու խնդիր ունի և այս անորոշությունն ավելի մեծ աղետ է կանխորոշում։ Չկա համարձակություն(գուցե ցանկություն)՝ կանգնելու և հայտարարելու, որ «խաղաղության օրակարգը» հանրությանը նետված հերթական կեղծիքն է եղել և որ անհրաժեշտ է պատրաստվել ոչ թե ուղղակի պատերազմի, այլ գոյապայքարի։

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից