Առնվազն 200 հազար մարդ հանրահավաքի է դուրս եկել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք կոռուպցիոն ներգրավվածություն ունեն հեղեղումների հետևանքների մեղմացման նախագծերում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆիլիպիններում զանգվածային բողոքները շարունակվում են արդեն երկրորդ օրն անընդմեջ։ Ֆիլիպինների ազգային ոստիկանության հաղորդագրության համաձայն, իշխանությունները ոստիկանության շուրջ 15 հազար աշխատակցի են գործի դրել բողոքի ակցիաների ժամանակ անվտանգությունն ապահովելու համար։
Մասնակիցները պահանջում են պատասխանատվության ենթարկել պաշտոնյաներին կոռուպցիոն սկանդալների համար, այդ թվում՝ երկրի նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերի դաշնակիցներին, և, մասնավորապես, նրա զարմիկին ու Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Մարտին Ռոմուալդեսին:
Ավելի վաղ ֆինանսների նախարարությունը հաղորդել էր, որ 2023-ից մինչև 2025 թվականներն ընկած ժամանակաշրջանում կոռուպցիայի պատճառով երկիրը մինչև 2 միլիարդ դոլար է կորցրել հեղեղումների դեմ պայքարի նախագծերում։
Փաստահավաք հանձնաժողովը կոռուպցիայի շուրջ քրեական գործեր է հարուցել 37 անձանց, այդ թվում՝ սենատորների, Կոնգրեսի անդամների և գործարարների նկատմամբ։ Նաև քրեական գործեր են հարուցվել շինարարական ընկերությունների 86 ղեկավարների և ինը կառավարական պաշտոնյաների դեմ՝ շուրջ 153 միլիոն դոլարի հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով։ Սակայն Մարկոսն ասել է, որ Ռոմուալդեսին առայժմ քրեական մեղադրանքներ չեն առաջադրի՝ նրա մեղավորության ապացույցների ենթադրյալ բացակայության պատճառով։









