Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինտրիգներն ու էսկալացիոն գործընթացները կարծես թե թևակոխում են նոր շրջափուլ, ինչն իր հերթին առիթ է հանդիսանում մտածելու, որ հարավկովկասյան տարածաշրջանում վերադասավորումների և կոնկրետ դիրքավորումների մեկնարկն արդեն տրված է։ Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ տարածաշրջանային գործընթացների առանցքի ծիրում միանշանակ Արցախն է, որի շուրջ էլ ընթանում է բուն գործընթացը։ Մասնավորապես հենց Արցախի հարցի՝ ավելի կոնկրետ Մինսկի խմբի շրջանակում է, որ հիմնական բևեռները կարծես թե նոր «ռասկլադ» ունեն և արդեն իսկ արել են առաջին քայլը։
Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: «Դեսպան Ռիքերի նշանակումը վերահաստատում է մեր հանձնառությունը Հվ. Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,- նշել է Բլինքենը: Ուշադրության է արժանի, որ ԱՄՆ-ը խոսում է ոչ թե Արցախի հիմնախնդրի կարգավորման, այլ Հարավային Կովկասում ընդհանուր քաղաքականություն վարելու հարցերի հետ կապված, այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ը իր դեսպանին գործուղում է ողջ տարածաշրջանային հիմնահարցերի տիրույթում գործունեություն վարելու նպատակով։
Այդ մասին Պետդեպի հաղորդագրության մեջ շեշտվում է. «ԱՄՆ-ը հանձնառու է՝ օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային ԼՂ շուրջ: Դեսպան Ռիքերը նաև կհամագործակցի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է ԵՄ-ն, և որպես ՄԽ համանախագահ՝ կօգնի հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը: Դեսպանի նշանակումն այս ժամանակահատվածում վերահաստատում է նաև Վրաստանի վերաբերյալ Ժնևյան քննարկումներում ԱՄՆ-ի դերի կարևորությունը»:
Այս ամենը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ Ուկրաինայի տարածքում պատերազմի շրջանում քաղաքական փոփոխություններ է կատարում՝ իր քաղաքականությունն ավելի արդյունավետ վարելու նպատակով: Ըստ էության, ԱՄՆ-ն այդպես է վարվում՝ հասկանալով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այսօր մեծ զբաղվածություն չունի, ուստի արդյունավետ չէ առանձին հաստիք ունենալ ամերիկացի համանախագահի համար՝ այն դեպքում, երբ ԱՄՆ-ը կարող է ունենալ Հվ. Կովկասում ներկայացուցիչ, ով կարող է ներգրավված լինել մի շարք ուղղություններով և տանել մեկ գիծ՝ ԱՄՆ քաղաքականությունը: Տեղի ունեցածն իր հերթին փաստում է այն մասին, որ հարավկովկասյան տարածաշրջանն ԱՄՆ-ը դիտարկում է՝ որպես մեկ ամբողջություն, ու առանձին երկրների հետ հարաբերվում է ոչ այնքան առանձին օրակարգերով, հարմարվելով առանձին երկրների կարիքներին, որքան մեկ միասնական՝ փաթեթային տարբերակով, ինչը, ստեղծված իրավիճակում, տրամաբանական է ԱՄՆ-ի պարագայում:
Ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունից ընդհանուր առմամբ տրամաբանական է, որ ԱՄՆ-ը նպատակահարմար է գտել տարածաշրջանում ունենալ մեկ դիվանագիտական ներկայացուցիչ՝ հատկապես, երբ Ռուսաստանի դեմ ԱՄՆ քաղաքականության ծանրակշիռ բեռն այս պահին Հվ. Կովկասի վրա չէ․ ըստ էության, սա ամերիկյան կողմի համար ավելի օպտիմալ տարբերակ է:
Համացանցում և Պետդեպի տրամադրած տեղեկատվության հետ ծանոթանալուց հետո, պարզ է դառնում, որ դեսպան Ռիքերը բավական փորձառու դիվանագետ է, և նրա նշանակումն առանձնահատուկ կարևորություն է տալիս այս պաշտոնին և ընդգծում տարածաշրջանի կարևորությունը ԱՄՆ-ի համար, որը պայմանավորված է այս ռեգիոնում Իրանի, Թուրքիայի ու ՌԴ ներկայությամբ տարբեր աստիճանների: Տեղի ունեցած նշանակումը ևս մեկ անգամ վկայում է, որ որքան էլ ԵԱՀԿ ՄԽ-ն չի գործում, ԱՄՆ-ը ևս մեկ անգամ ցույց է տալիս այս ձևաչափի վերականգնման նկատմամբ հավատը: Այնպես որ չի բացառվում, որ Ռիքերի հայտնվելուց հետո նոր գործընթացների և վերադասավորումների ականատես լինենք, իսկ թե ինչպիսին կլինեն դրանք՝ ցույց կտա ժամանակը։
Արմեն Հովասափյան









