Foto

Հարավկովկասյան ցնցումների բրյուսելյան հանգրվանը

Թեև վերջին մեկ ամսվա ընթացքում հայ հանրության ուշադրության կենտրոնում Բերձորում տիրող իրավիճակն է, ՀՀ իշխանությունները չեն շտապում թեմայի հետ կապված քայլեր ձեռնարկել և որևէ դիրքորոշում հայտնել։ Այն ինչ Նիկոլ Փաշինյանն ասել է այս առիթով, լղոզված և իրենից ոչինչ չներկայացնող դեկլարատիվ մի տեքստ էր, որը հասկանալու համար հանճար լինել պետք չի՝ Հայաստանի իշխանությունը թքած ունի Արցախի վրա, և այնտեղ կատարվող յուրաքանչյուր իրադարձություն մեկնաբանվում է զուտ մեկնաբանության համար։ Ի դեպ այսօր արդեն հայտնի դարձավ, որ Բերձորը, Աղավնոն և Սուսն այլևս անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ, չնայած ճանապարհը դեռևս անցնում է Բերձորով։

Բացի Բերձորում ընթացող զարգացումներից, բավական լարված է հայ-ադրբեջանական սահմանը, դրան հավելենք նաև դեմարկացիա-դելիմիտացիա կոչված թնջուկի հարցը, որն այդպես էլ մնաց օդում կախված։ Ի դեպ՝ նախօրեին հայտնի դարձավ, որ օգոստոսի 30-ին Մոսկվայում կհանդիպեն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովները: Հավելենք, որ այս հանձնաժողովներն ավելի շատ ֆիկտիվ միավոր են հիշեցնում, քանի որ ոչ մի էական գործունեություն մինչ օրս չեն դրսևորել։

Այս աստիճանի անորոշ ու բարձիթողի իրադրությունում՝ օրերս հայտնի դարձավ, որ օգոստոսի 31-ին տեղի կունենան հայ-ադրբեջանական հերթական բարձր մակարդակի շփումները՝ ի դեպ այս անգամ ևս Արևմուտքում: Այսպիսով նախատեսվում է Բրյուսելում  ԵԽ նախագահ Շառլ Միշելի «քավորությամբ» անցկացնել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս հանդիպումն ինտրիգային  է այնքանով, որ շաբաթներ առաջ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր, թե Մոսկվան պլանավորում է մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր թեմաների շուրջ:

Այս քաղաքական պորտֆոլիոյում կարևոր է արձանագրել նաև, թե հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ինչ մթնոլորտում են և ինչ աստիճանի են բարդացել, ինչը, մեղմ ասած, խնդրահարույց է: Բոլորս ենք հիշում, թե ինչպես օրերս ՌԴ-ն աննախադեպ քայլի դիմեց՝ կոշտ բողոքի նոտա հղելով Հայաստանին ռուսաֆոբիայի դրսևորումների ու դրանք հովանավորող քաղաքական շրջանակներին:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում և Հվ. Կովկասում ՌԴ դիրքերի հետ կապված ընդհանուր առմամբ ունի մեկ գլոբալ պատասխան՝ աշխարհաքաղաքականություն, որից ամեն ինչ ազդեցություն է կրում: Անկասկած հայ-ռուսական հարաբերությունները ևս իրենց խնդիրներն ունեն, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, հիմնավոր, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ:

Հանուն արդարության պետք է ընդգծենք, որ ներկա դրությամբ ՌԴ-ից կա դժգոհություն, որը հիմնավոր է, և կա դժգոհություն, որն ուղղորդված է: Օրեր առաջ ներկայացված բողոքի նոտան արձագանք է ՀՀ-ում տիրող հակառուսական մթնոլորտին, որն ունի ոչ հիմնավոր պատճառներ, ինչն իր հերթին ակտիվ աշխարհաքաղաքական ազդեցության հետևանք է և տոտալ իրականացվող արևմտյան քարոզի արգասիք: Մյուս կողմից, ըստ ամենայնի, Ռուսաստանում կա պատկերացում, ու դա, որ Հայաստանը շատ այլընտրանքներ չունի ո՛չ Արևմուտքի, ո՛չ Թուրքիայի տեսքով, թեև դա հայ հասարակության որոշումը պետք է լինի, այս մոտեցումն իր հերթին բավական տրամաբանական է և իրականությանը մոտ:

Ըստ ամենայնի՝ Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանը համագործակցի իր թե՛ հարևանների, թե՛ Արևմուտքի հետ, սակայն ՌԴ-ն հետսովետական տարածքում իրեն դեռ պատկերացնում է գլխավոր ուժ, իսկ գոյություն ունեցող լարվածությունն ունի բազմաթիվ հիմնավոր ու անհիմն պատճառներ, այդ թվում՝ անվտանգային՝ պայմանավորված ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակով: Բնական է, որ այսօր ՌԴ-ի համար առաջնային հարցը Ուկրաինայի խնդիրն է, և հենց դա է պատճառը, որ մեր տարածաշրջանում ամեն զարգացում չէ, որ պատշաճ արձագանք է ստանում ՌԴ-ի կողմից:

Հետևելով ՌԴ-ից եկող մեսիջներին՝ կարող ենք ենթադրել որ մեծ հաշվով Մոսկվան կարծես այդ միջնորդությանը դեմ չէ և արտոնում է՝ հաշվի առնելով իր ներկա փուլի առաջնահերթությունները: Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Մոսկվան կա բոլոր բովանդակային քննարկումներում, որոնք վերաբերում են սահմաններին ու ապաշրջափակմանը: Պարզապես պետք է դիտարկել, որ սա աշխարհաքաղաքական մրցակցության փուլ է, որը չի կարող չունենալ իր ազդեցությունը: Ուղղակի ներկայումս որոշակի անցումային փուլ է, որն ուղեկցվում է որոշակի լոկալ ցնցումներով։

Արմեն Հովասափյան