Foto

Գիտակցվա՞ծ, թե՞ պարտադրված հանդիպումը


Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները և տելեգրամ ալիքները, միմյանց հերթ չտալով, տեսանյութ էին շրջանառում՝ նշելով, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն այցելել են Սարսանգի ջրամբար և այնտեղ մասնագիտական դիտարկումներ ու ուսումնասիրություններ իրականացրել։ Այս տեղեկատվությունը լրատվականների հայկական տիրույթում բավական քիչ շոշափվեց, սոցհարթակի որոշ օգտատերեր անգամ հրապարակումներ արեցին՝ պնդելով, թե ներկայացված տեսանյութը մի քանի տարի առաջ է արված, իսկ ներկայացվող տեղեկատվությունն ուղղակի կեղծիք է։ Ի դեպ՝ այս տեղեկատվությունն Արցախի տեղեկատվական շտաբը հաստատել է շատ ավելի ուշ՝ բացահայտելով, թե Ադրբեջանի հետ նման շփումներ կան դեռևս 2021 թվականից, որից հանրությունը տեղյակ չի եղել:

Մասնավորապես Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ օգոստոսի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել՝ Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցների կողմից Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ Սարսանգ կատարած այցի մասին, որը հանրության շրջանում որոշակի մտահոգությունների պատճառ է դարձել, ինչպես նաև հարցեր է առաջացրել, ուստի այդ կապակցությամբ իրազեկում են, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների կառավարման և հանրությանը մատակարարվող խմելու ու ոռոգման ջրերի անվտանգության ապահովման նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս 2021 թվականից շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ՝ Արցախի մի շարք համայնքներին մատակարարվող խմելու և ոռոգման ջրերի օգտագործման շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու և խնդիրների կարգավորման համար:

Ի դեպ՝ հաղորդագրության մեջ հատուկ շեշտվում է, որ Արցախի իշխանությունները որևէ իրադարձություն թաքցնելու նպատակ չեն հետապնդում, առաջնորդվում են բացառապես Արցախի և արցախցու շահով՝ ստեղծված իրավիճակում նրբանկատորեն ձեռնարկելով հնարավոր բոլոր միջոցները՝ պետության և հանրության անվտանգության մակարդակը բարձրացնելու, լարվածություն ծնող երևույթները չեզոքացնելու նպատակով։ 

Այս և մի շարք կասկած և անհանգստություն առաջացնող հարցերի ընդհանուր տիրույթում ուշագրավն այն է, որ ի թիվս այս հանդիպման՝ մամուլում կան տեղեկություններ, որ Արցախի իշխանություններն ունեն շփումներ Ադրբեջանի հետ նաև այլ թեմաների շուրջ, սակայն դրանք գաղտնի են պահվում, և այս ամենի շուրջ չի հաջողվում պարզաբանումներ ստանալ:

Ըստ ամենայնի շատ կարևոր է հասկանալ, թե ինչ կարգավիճակով են կողմերը հանդիպում, և արդյո՞ք Ադրբեջանն ընդունում է, որ հանդիպել է Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի ներկայացուցչի հետ, թե՞ ոչ: Աներկբա է, որ անցնող 30 և ավել տարիների ընթացքում ողջ հայության բաղձանքն է եղել, որ Արցախը ճանաչվի, և Ադրբեջանը լինի ճանաչածներից մեկը: Հենց այստեղ է, որ առաջանում է տրամաբանական հարցը՝ Ադրբեջանը ճանաչե՞լ է, որ կա Արցախ, որն ունի Ջրպետկոմ, որի ներկայացուցչի հետ հանդիպում է: Պետք է հասկանալ՝ Ադրբեջանը գնացել է Սարսանգի ջրամբար՝ որպես իր ջրամբար, ու հանդիպել իր քաղաքացու հե՞տ, թե՞ ընդունում է, որ կա Արցախի Հանրապետություն, Արցախի քաղաքացիներ: Մյուս անհանգստություն առաջացնող դրվագը կապված է հանդիպման փակ և գաղտնի պահելու մեջ. ի՞նչ կարգավիճակով են հանդիպել և ի՞նչ են քննարկել: 

Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ ներկայումս Արցախն ու արցախցին ՀՀ կողմից անտեսված են և մատնված են անտերության, և ըստ էության, դրանով է պայմանավորված, որ Արցախում փորձում են «իրենց գլխի ճարը» տեսնել՝ այդ թվում հակառակորդի հետ որոշակի շփումների գնալով։ Հիշում ենք, թե ինչ եղավ, երբ ձմռանն անջատվեց Արցախի գազամատակարարումը՝ ՀՀ կողմից զրո վերաբերմունք՝ բացի շարքային տեքստերն ու հայտարարությունները։ 

Կարող ենք արձանագրել, որ հատկապես ներկայումս, երբ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, պետք է չափավոր կապ ապահովել, որը պետք է լինի ոչ թե գաղտնի և ծածուկ, որպեսզի հետո ադրբեջանական, կամ, այսպես կոչված, բլոգերների կողմից բացահայտվի, այլ լինի կոնկրետ պաշտոնական հայտարարություն, որ հանդիպեն ու տեղեկացնեն, այլ ոչ թե տարատեսակ անհայտ աղբյուրներից հանրությանը հայտնի դառնա, որ մարդիկ էլ մտածեն, թե Արցախի իշխանությունն Ադրբեջանի հետ կարող է ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերել: Այստեղ կա պետություն-հասարակություն կապի բացակայություն, որը խիստ կարևոր է այս ժամանակահատվածում, որպեսզի մի քանի մասի բաժանված հասարակության մոտ հարցեր և աղճատում չառաջանա: Դրա համար նման տեսակ հանդիպումներն ինչ-որ տեղ հասկանում եմ, որովհետև առանց դրա Արցախն ընդհանրապես չի կարող առաջին կարևորության խնդիրները կարգավորել։ Այլ կերպ ասած՝ բոլոր գործողությունները, որոնք նուրբ են ու զգայուն, պետք է հասարակության համար բաց և հասանելի լինեն՝ հերթական կոնսպիրոլոգիաների առիթ չտալու համար։ 

Ըստ էության, եթե Արցախի իշխանությունները ցանկանում են, որպեսզի հայ ազգն իսկապես լուրջ վերաբերվի Արցախյան հիմնախնդրին, պետք է առնվազն այն դասերը քաղի, որոնք արել են ՀՀ իշխանությունները՝ բանավոր, գաղտնի ինչ-որ այլ բաներ են պայմանավորվել, ու դրա արդյունքներն այսօր մենք բոլորս քաղում ենք: 

Արմեն Հովասափյան