Foto

Իշխանության անբարոյական նկրտումները


Նրանք, ովքեր կարդացել են Նիկոլ Փաշինյանի գիրքը, հավանաբար պետք է հիշեն, որ իր տխրահռչակ աշխատության մեջ Փաշինյանը բավական հանգամանորեն անդրադարձել է անբարոյականությանը՝ թեթև վարքի կանանց ու նրանց հոգեբանությանը, իր իսկ կողմից այդ հոգեբանությամբ ապրելու մասին օգտագործելով ամենագռեհիկ ձևակերպումները։ Ժամանակին դրան քչերն են ուշադրություն դարձրել՝ չկանխատեսելով, որ նման հոգեկերտվածք ունեցող մարդու՝ իշխանության գալու դեպքում պետությունը կարող է հայտնվել այդ անառակ կնոջ կարգավիճակում․ ցավով պետք է արձանագրենք, որ այսօր արդեն հայտնվել ենք։

Ըստ էության, Հայաստանը՝ Նիկոլի գլխավորությամբ, հիմա կատարում է ցանկացածի յուրաքանչյուր պահանջ՝ պայմանով, որ նա կպահպանի իշխանությունը։ Հայաստանն ապրում է անբարոյական կնոջ հոգեբանությամբ՝ պատրաստ է բավարարել ցանկացած քմահաճույք, պայմանով, որ դրա համար կվճարեն։ Տարբերությունն այն է, որ վճարը ստանում է միայն Փաշինյանը՝ իր խմբակի հետ՝ իշխանությունը պահպանելու, իշխանական ամենատարբեր վայելքների, բիզնեսների, պարգևավճարների, ատկատների, պաշտոնյաների հարստացման և բազմաթիվ այլ դրսևորումներով։

Ցավով փաստենք, որ փաշինյանական Հայաստանը կառավարում է «թուլանանք և հաճույք ստանանք» սկզբունքով։ Առանձնահատկությունն այն է, որ ամեն օրվա հետ թուլանում է Հայաստանը, իսկ հաճույք ստանում են ինքն ու իր մերձավորները, որոնց համար բացարձակապես միևնույն է, որ հաճույքի աղբյուրն Ադրբեջանն են ու Թուրքիան։ Մարմնավաճառները նույնպես, որպես կանոն, ուշադրություն չեն դարձնում հաճախորդների ազգային և աշխարհաքաղաքական պատկանելությանը։

Այստեղ անդառնալին այն է, որ Փաշինյանի իշխանական հաճույքները շարունակվելու են այնքան, քանի դեռ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախից ու Հայաստանից ստանալու ինչ-որ բան ունեն։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի համար որևէ նշանակություն չունի՝ այդ պահանջները կլինեն, ասենք, բնակավայրերի՞, թե՞ ճանապարհների ու միջանցքների տեսքով։ Նրա համար կարևորն այն է, որ ադրբեջանա-թուրքական պահանջների կատարումը շատ ժամանակ պահանջի։ Հետևաբար, տպավորությունը, թե Նիկոլը ցանկանում է ամեն ինչ ավարտել արագ, մոլորություն է։ Նա ընդամենն այդպիսի պատրանք է փորձում ստեղծել՝ իրականում առաջնորդվելով «որքան դանդաղ, այնքան լավ» սկզբունքով։

Գաղտնիք չէ, որ բարոյականության ու արժեքների դեգրադացիան, որ տեղի է ունեցել վերջին չորս տարիներին, պատահականություն չէ։ Փաշինյանը տեսանելի ու անտեսանելի միջոցներով փորձում է հայ հասարակությանը դարձնել այնպիսին, ինչպիսին ինքն է ու ինչպիսին իրեն պատկերավորել է սեփական գրվածքում։ Նրա համար իդեալական վիճակը, իհարկե, հանրային ամբողջական բարոյազրկումն է՝ այնքան ու այնպես, որ բոլորն ապրեն «թուլանալու և հաճույք» ստանալու սկզբունքով և պատրաստ լինեն տրվելու ամենայնին, ինչի համար կա վճարող։

Ամփոփելով արձանագրենք, որ այսօրվա հանրային ընդվզումը, դեռևս ֆունկցիա չստացող դիմադրությունը, որ դրսևորվում է ամենատարբեր օջախներում, մեծ հաշվով հենց դրա մասին է՝ արդյոք հասարակությունն ամբողջությամբ կիջնի՞ Նիկոլ Փաշինյանի մակարդակին, թե՞ ի վերջո կկարողանա ուժ գտնել իր մեջ այնպես, ինչպես ավանդապաշտ ընտանիքն է վռնդում պատահաբար հարս եկած անբարոյականին։

Արմեն Հովասափյան