Foto

«Մաքրել» շարքային Նիկոլին

Գաղտնիք չէ, որ բավականին տևական ժամանակ է՝ որոշ շրջանակներ, ներկան ու առաջնային հարցերը թողած՝  անցյալի  կիսաճշմարտություններ են տարածում տեղեկատվական հարթակներով՝ ավելի մոլորեցնելով հասարակությանը: Միանգամից ասենք՝ դա անօգուտ, անպտուղ աշխատանք է, առավել ևս, որ կիսաճշմարտություններով, որպես կանոն, խնդիր չեն լուծում, այլ ավելի են խորացնում, ավելին՝ կեղծ մեղավորներ և քավության նոխազներ են կարգում՝ նենգափոխելով պատմությունը և հասարակության ուշադրությունը շեղելով ներկայիս մարտահրավերներից և բուն խնդրից:

Վերջին շրջանում որոշ շրջանակներ օրնիբուն  Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթների արխիվներից որոշ պատառիկներ են մատուցում. մանիպուլյացիայի նպատակը և իրենց եզրահանգումը մեկն է՝ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, բոլորը սխալ՝ այդ թվում նաև Տիգրան Մեծը։

Ինչպես հայտնի է՝ այս պահին հասարակության ուշադրությունը սևեռված է դեպի Արցախ, Սյունիք, մասնավորապես՝ Բերձոր, Աղավնո, Սուս։ Նախնական տեղեկություններով՝ օգոստոսի 25-ին Լաչինի միջանցքը, Բերձորն ու Աղավնո գյուղը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրենց հանցավոր գործողությունների շնորհիվ, հազարավոր տղաների և տարածքների կորուստներից հետո, պատրաստվում են հանձննել Ադրբեջանին:

Ցավոք բավական ուշացումով, բայց այսօր արդեն շատերն են նոր միայն հասկանում ոչ միայն Արցախի, այլև ողջ Հայաստանի համար այդ խնդրի և նշյալ տարածքների անվտանգային բաղադրիչի  կարևորությունը, կենսական նշանակությունը: Ըստ էության՝ նրանք միայն նոր են գիտակցում, որ, երբ ժամանակին ՀՀ իշխանությունները (այսպես կոչված՝ թալանչի նախկինները) խոսում էին անվտանգության և ապահով Հայաստանի մասին, ինչ նկատի ունենին, և ինչ ասել էր անվտանգ սահման հասկացությունը։ Միանշանակ է, որ Փաշինյանն  իր ոչ կոմպետենտությամբ, իր «զրոյական կետով», բանակցությունները փակուղի տանելով, անպատասխանատու հայտարարություններով, պատերազմ հրահրելով, իր մեղքը նախկինների և բոլորի վրա բարդելով, ստելով, նշաձողեր իջեցնելով՝ ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այլև բանավոր և այլ  համաձայնություններով Բերձորը (Լաչին), Աղավնոն, Սուսը և այլ կենսական տարածքներ տվել է Ադրբեջանին: Փաստացի դեպքերի ընթացքում խոսում են այդ թեզի բացարձակ ճշմարտացիության մասին։

Ըստ էության ներկայումս հրատապ լուծում պահանջող միակ հարցը՝ ի՞նչ անելն է, ինչպե՞ս կանգնեցնել այս աղետալի և նոր սպառնալիքներով հղի գործընթացը: Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ են ասում վերը նշված շրջանակները: Նրանք նախ, նշում են, որ շուտով՝ Լաչինն ու Աղավնոն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: Չեն ասում՝ Նիկոլն այդ տարածքները հանձնում է Ադրբեջանին, այլ ասում են՝ «տարածքներն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ»: Այնուհետև, ուշադրություն, Փաշինյանի կործանարար գործողությունների ու ձախողումների համար նրանք մեղադրում են «նախկիններին»: Այս շրջանակների և Փաշինյանի համար «նախկիններ» ասվածը, գիտեք, Լևոն Տեր-Պետրոսյանը չէ, այլ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը (հասկանալի պատճառներով առաջին նախագահին միշտ շրջանցում են):

 

Ավելին, հենց այդ նույն շրջանակներից առանձին մարդիկ լալահառաչ տոնով հարցազրույցներ են տալիս, հայտարարություններ են անում, թե՝ «Աղավնոյի և Բերձորի կորստի մասին այսօր ամենաբարձրը խոսում և մտահոգվում են նրանք, ովքեր 1997 թվականին ղարաբաղյան կարգավորման փուլային ծրագիրը համարեցին անընդունելի, պարտվողական, դավաճանական, որ Տեր-Պետրոսյանն ու թիմը «ծախում են Արցախը»: Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում դա միակ առաջարկն էր, որով հայկական վերահսկողության տակ էր մնում ոչ միայն Բերձորը, այլև շրջանն ամբողջությամբ՝ 1835 քառակուսի կիլոմետր»:

Արձանագրենք, որ գաղտնիք չէ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշ շրջանակների համար կուռք է, և նրա հայտարարությունները, որոշումները, անգամ սխալները նրանց համար անքննելի են և որպես բացարձակ ճշմարտություն են ներկայացվում: Այդպիսիք՝ մոլի երկրպագուներ, միշտ եղել են: Միակ նորությունն այն էր, որ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից ու կորուստներից հետո 2018 թվականի հեղափոխությանը սատարող մոլի նիկոլականներն իրենց կուռքի ձախողումներից հիասթափված՝ շատ արագ ճամբարը փոխեցին ու դարձան լևոնականներից ավելի մոլի լևոնական:

Ամփոփելով փաստենք, որ այս մարդկանց կողմից ակտիվորեն շրջանառվող կիսաճշմարտությունները,  փաստերի աղավաղումներով պատմական էքսկուրսը ոչ այլ ինչ է, քան Նիկոլին հերթական անգամ պատասխանատվությունից ազատելու, «մաքրելու» տքնաջան փորձ՝ աստվածացնելով Տեր-Պետրոսյանին՝ որպես հերոսական քայլ ներկայացնելով նրա հրաժարականը՝ մեղքը բարդելով չարչրկված «նախկինների» վրա:

Արմեն Հովասափյան