Foto

Կոշիկ լիզելու նուրբ արվեստը

Բոլորս ենք հիշում, թե ինչպիսի գոհ ու դեմքի բավարված արտահայտությամբ՝ Արցախը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը արդարացավ, թե նման քայլի է գնացել և ստորագրել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան, դրանով հանդերձ փրկել է մոտ 25 հազար մարդու կյանք: Նա նկատի ուներ հայկական զորքը, որին հրամայվեց դադարեցնել կրակը և հեռանալ՝ թշնամուն թողնելով Արցախը Հայաստանին կապող վերջին շրջանները: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սա նրա հերթական պոպուլիստական հայտարարություն էր և բացարձակապես կապ չուներ որևէ բան փրկելու հետ:

Եթե հետ հայացք ենք գցում կապիտուլյացիան հաջորդած դեպքերի զարգացումներին, և թե ինչքան տարածքներ ու հուշարձաններ հանձնվեցին թշնամուն, ապա, այո, Փաշինյանն ուղղակի սկուտեղի վրա մատուցել է, ավելի ճիշտ, հանձնել  է Արցախը: Հասարակության նիկոլապաշտ հատվածը (հասկանալի է, որ ժեխի մասին է խոսքը) ողջունեց Փաշինյանի այդ քայլը, իսկ հետո նաև Հայաստանից Արցախ զորակոչը դադարեցնելու որոշումը, որ շատ նման էր Արցախին վերջին հրաժեշտը տալու արարողությանը:

Ըստ էության կարող ենք փաստել, որ, օգտվելով Արցախում հայկական զինուժի բացակայությունից, Ադրբեջանն սկսեց պահանջել այն ամենը, ինչ չէր հասցրել ստանալ 44-օրյա պատերազմից հետո՝ Բերձոր, Աղավնո, Սուս։ Այստեղ իրենց լուրջ դերակատարությունն ունեցան Արցախի իշխանությունները, որոնք Քարվաճառում տներն այրելու հարցում բնակիչների վրա մատ էին թափ տալիս՝ պնդելով, թե «հանկարծ տները չվառեք և իմացեք՝ մինչև բանալիները չհանձնեք, փոխհատուցում չեք ստանա»: Այնպիսի տպավորություն է, որ Արցախի իշխանությունները Բերձորն ու Աղավնոն հանձնում են, որպեսզի, հավանաբար, հաճոյանան Ալիևին և փրկեն իրենց պաշտոնները Ադրբեջանի կազմում (ըստ էության՝  ուրիշ բան չկա փրկելու այլևս):

Նմանօրինակ մի կարգավիճակում է նաև Նիկոլը, չթվա, թե նա մի բարի օր է։ Ըստ էության՝ Փաշինյանի ապագան ևս կախված է Ալիևից, որն արդեն շրջվել է դեպի Հայաստան ու արդեն կոնկրետ պահանջներ է ներկայացնում ՀՀ-ին: Իսկ դրանք բավականին խիստ պահանջներ են և ենթադրում են ընդհուպ Հայաստանի ինքնիշխանության ոչնչացում, ինչպես եղավ Արցախի պարագայում: Հայաստանում ռուսական զորքերը կհայտարարվեն խաղաղապահներ և կսկսեն զբաղվել հայ ժողովրդի մշակութային ժառանգության և ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ, իսկ Հայաստանը կհայտնվի Թուրքիայի և Ադրբեջանի ճիրաններում:

Նախորդ կառավարության նիստում Փաշինյանը հերթական անգամ շտապեց հաճոյանալ Ալիևին և հայտարարեց, որ Հայաստանը գրավելու համար նոր պատերազմ սկսելու անհրաժեշտություն չկա: Նա հստակ փաստեց, որ Ադրբեջանի քաղաքացիները կարող են ՀՀ պետական սահմանը հատել ցանկացած հատվածից, երբ ուզենան, Հայաստանում կարող են զբաղվել ինչով ուզենան, Հայաստանից մեկնեն ուր ուզենան։  Ավելին, հանձնարարեց ԱԱԾ պետին և ՊԵԿ ղեկավարին համապատասխան քայլերն ու միջոցառումներն իրականցնեն այդ գործընթացը համապատասխան մակարդակով կազմակերպելու համար։

Ի դեպ՝ անհերքելի է այն փաստը, որ իշխանությունները, ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելով, տևական ժամանակ է համոզում են, որ ամեն ինչ լավ է լինելու, ՀՀ-ում «ապագա կա», որ շուտով տիրելու է հավերժական խաղաղություն և «Հայաստանը լինելու է տարածաշրջանի ամենաապահով ու զարգացած երկիրը»։ Ամենացավալին այն է, որ այս կուտը կերել է ազգաբնակչության մեծ հատվածը և այսօր էլ կուրորեն հավատում է իշխանության ամենօրյա զառանցանքին։

Ասեմ ավելին 4 տարուց ավել է հնարավոր բոլոր առիթների հարվածում են բանակին ու անվտանգության ողջ համակարգին։ Բանակը թիրախավորելով հանրության մոլորյալ հատվածին համոզել են, որ մեզ պետք չի զինված ուժեր, քանի որ «խաղաղության դարաշրջանում» ՀՀ սահմանները լինելու են այնպիսին, ինչպիսին Բենիլյուքսի երկրներում է։ Այս օրերին հանրության տարբեր ներկայացուցիչներ տիրաժավորում են այն թեզը, թե «ՊՆ-ն ինչների՞ս է պետք»։ Ներկայիս ստեղծված իրականության մեջ լրիվ համապատասխանող դրույթ է, քանի որ ստացվում է, որ ՊՆ-ն իրականում պետք չի. քանզի հանձնում ենք առանց պաշտպանվելու, ըստ էության մեզ պաշտպանություն պետք չի, որովհետև հանձնվում ենք կամովին։

Արմեն Հովասափյան