Ներքին գործերի նախարարության ստեղծումը կարեւոր բարեփոխում է Հայաստանի անվտանգության համակարգի ոլորտում։ Այս մասին Ազգային ժողովում, ներքին գործերի նախարարության կազմավորման հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հուլիսի 12-ին ասաց Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Խորհրդարանը, ինչպես նշել է հանձնաժողովի նախագահը, ակտիվ դեր կխաղա այս գործընթացն իրականացնելիս։ Պատգամավորը վստահ է, որ ՆԳՆ-ի կազմավորումը կուժեղացնի անվտանգության համակարգը եւ կապահովի ոլորտի մեծ հաշվետվողականություն։ «ՆԳՆ-ի կազմավորումը բարեփոխումների մի մասն է, որոնք նախատեսված են կառավարության միջնաժամկետ ծրագրով։ ՆԳՆ-ի ստեղծումը, իսկ ըստ էության՝ վերականգնումը անմիջապես մի քանի հարց կլուծի։ Կսահմանվեն ՆԳՆ-ի հստակ գործառույթները, ինչպես նաեւ կներդրվի կադրերի պատրաստման նոր համակարգ։ ՆԳՆ-ն կդառնա կառույց, որը կմշակի ոլորտի քաղաքականությունը։ Այդ ուժային կառույցի վրա խորհրդարանական վերահսկողություն կապահովվի։ Այդպիսով, կապահովվեն ոլորտի ավելի թափանցիկ գործունեություն եւ հաշվետվողականություն։ Բարեփոխումները, որոնք կիրականացվեն, կբարձրացնեն ՆԳՆ-ի կառույցում ծառայության գրավչությունը։ Նրանք նաեւ կապահովեն երկրի ներքին անվտանգության կառավարելիությունը»,- հավաստիացրել է Քոչարյանը։









