Վերջին շրջանում աշխարհաքաղաքական
առանցքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում կենսաբանական լաբորատորիաների թեման, որոնք
աստիճանաբար յուրահատուկ գործոն են դառնում և տարբեր շահարկումների առիթ։ Մասնավորապես,
Ռուսաստանն այս օրերին կրկին բարձրացնում է հետխորհրդային տարածքում կենսաբանական լաբորատորիաների
վտանգավորության թեման Ռուսաստանի համար: Իր վերջին ասուլիսներից մեկի ժամանակ ՌԴ ԱԳՆ
պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներս
խորհրդակցություններ պահանջել կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի
մասնակից պետությունների հետ՝ հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի կենսալաբորատորիաների
գործունեության առնչությամբ:
Ըստ ՌԴ տեղեկությունների՝
ԱՄՆ-ը Ռուսաստանի հարևան մի շարք երկրներում կենսաբանական լաբորատորիաների ցանց է ստեղծել,
որոնցում Պենտագոնի հովանու ներքո վտանգավոր վիրուսների հետ աշխատանք է իրականացվում:
Ամերիկյան կողմը պնդում է, որ լաբորատորիաները գործում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների
անվտանգության շահերից ելնելով, և մերժում է այդ հաստատություններում կենսաբանական
զենքի ստեղծման վարկածը: Օրերս Սերգեյ Լավրովը նշել է, որ բացի Ուկրաինայից և Վրաստանից,
ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսալաբորատորիաները գտնվում են Հայաստանի, Ղազախստանի
և Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում: Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը ձգտում
է այս ոլորտում տվյալ երկրների տարածքում մենաշնորհ սահմանել կենսաբանական անվտանգության
ոլորտում:
Այս ամենին զուգահեռ հավելենք,
որ մայիսի 16-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Վլադիմիր
Պուտինը հատուկ ուշադրություն էր դարձրել նախկին ԽՍՀՄ տարածքում կենսաբանական անվտանգության
ապահովման խնդիրներին։ Սրան հաջորդել էր թեմային անդրադարձ նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան
կողմից, որը նշել էր, թե ՌԴ-ն շարունակում է արդյունավետ փոխշահավետ համագործակցությունը
Հայաստանի հետ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում։ Ըստ դեսպանատան՝ դրա
ակտիվացմանը նպաստել է 2021 թվականի մայիսին կենսաբանական անվտանգության ապահովման
երկկողմ փոխըմբռնման միջկառավարական հուշագրի ստորագրումը։ Դեսպանատունը նշել էր, որ վարակիչ հիվանդությունների
դեմ պայքարի ոլորտում մի շարք հաջողված ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքում
ապահովվում է սանիտարահամաճարակային իրավիճակի արդյունավետ մոնիտորինգ, տեղեկատվության
փոխանակում, կարևոր գիտական հետազոտություններ, Հայաստանի լաբորատոր ցանցի կատարելագործման
գործում տեխնիկական և մեթոդական աջակցության տրամադրում և մասնագիտացված մասնագետների
պատրաստում։ Միևնույն ժամանակ դեսպանատնից հավելել էին, որ կենսաանվտանգության մասին
հիշյալ հուշագրի կատարման համատեքստում դեռևս ունեն հարցեր՝ կապված կենսաբանական ոլորտում
ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ ՀՀ փոխգործակցության
մասին ստացվող տեղեկատվության հետ, ներառյալ՝ ռազմական գերատեսչությունների միջոցով։
Տրամաբանական է, որ այս
ամենը վկայում են, որ Ռուսաստանը հող է նախապատրաստում հետխորհրդային տարածքում տեղակայված
կենսալաբորատորիաները հանելուն ուղղված գործողությունների համար: Պատահական չէ, որ
թեմայի հետ կապված նախ հայտարարությամբ հանդես է գալիս Պուտինը, ապա այն իր տրամաբանված զարգացումն է ստանում
ՌԴ դիվանագիտական գերատեսչությունների ու ԱԳՆ կողմից՝ համայն հանրությանը հասկացնելով,
որ Ռուսաստանը հարցեր ունի դրանց կապակցությամբ: Ավելին, թեմայի շրջանառումն ու շահարկումը
նպատակ ունի ցույց տալ, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի ազդեցության գոտում աշխատում է Ռուսաստանի
դեմ լաբորատորիաների միջոցով: Ըստ էության, սա մի տեսակ տեղեկատվական
պատերազմի յուրատեսակ գործիք է:
Միանշանակ է, որ այստեղ
խնդիրն ամենևին կենսաանվտանգությունը չէ, քանի որ, օրինակ, Վրաստանի դեպքում դա վրացական
լաբորատորիա է, որն ունի առանցքային նշանակություն տվյալ երկրի համար, սակայն աշխարհաքաղաքական
նկատառումներից ելնելով՝ դա ևս երևի թե խանգարում է Ռուսաստանին: Հայաստանն իր հերթին՝
հուշագիր է կնքել այդ հարցով ՌԴ-ի հետ, տրամադրել մուտք մասնագետների համար, վստահեցրել,
որ դրանք գործում են ՀՀ կառավարման ներքո, սակայն դա ևս կարծես թե բավարար չէ ՌԴ համար:
Ինչպես հայտնի է՝ կորոնավիրուսային համաճարակի ֆոնին այս լաբորատորիաները վերածվել
են աշխարհաքաղաքական պայքարի գործիքի, և Ռուսաստանը դա փորձում է օգտագործել: Այս դեպքում,
բնականաբար, լաբորատորիաներ ունեցող երկրներից շատ բան է կախված, թե նրանք ինչպես կհիմնավորեն,
կբացատրեն դիվանագիտորեն կամ ոչ դիվանագիտորեն, որ դրանք կարևոր են իրենց երկրների
անվտանգության համար:
Արմեն Հովասափյան









