Ադրբեջանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը եվրոպական գազի
շուկայում։ Այս մասին Ալիևը չորեքշաբթի օրը հայտարարել է Բաքվի էներգետիկ շաբաթվա և
Կասպյան նավթի ու գազի 27-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Այսօր օրակարգում է եվրոպական շուկայում մեր ներկայության ընդլայնման
հարցը»,- ասել է Ալիևը։ «Դա կախված կլինի նոր հանքավայրերի շահագործման հանձնելուց,
քանի որ մեր գազային ներուժը չի սահմանափակվում միայն «Շահ Դենիզ» հանքավայրով»,- ասել
է Ալիևը։
Նա հայտարարել է, որ Եվրոպան ադրբեջանական նավթագազային ռեսուրսների
մեծ պահանջարկ ունի, և «Ադրբեջանը՝ որպես պատասխանատու երկիր», դա հաշվի է առնում։
«Մեզ պետք են նոր պայմանագրեր, մեզ նոր ենթակառուցվածքներ են անհրաժեշտ:
Հետևաբար, մենք այժմ մտածում ենք գոյություն ունեցող խողովակաշարերի թողունակության
ընդլայնման մասին, այդ թվում՝ Անդրանատոլիական և Հարավային Կովկասի»,- ասել է Ալիևը։
Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը մեկնաբանություն է խնդրել էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանից։ «Խոսքը գնում է գազի շուկայի մասին, քանի որ այն ճգնաժամը, որն այսօր առկա է Եվրոպայում, առավելապես գազային է։ Սկսած Ռուսաստանի կողմից Ուկրանիայում իրականացվող հատուկ օպերացիայից` Ադրբեջանական կողմը փորձում է ամեն կերպ ընդլայնել, այսպես կոչված, հարավային գազային միջանցքը՝ իր սեփական մասնակցությունը եվրոպական շուկայում ամրագրելու համար: Բայց պետք է հաշվի առնել այդ հարավային գազային միջանցքի թողունակությունը։ Այլ բան է քաղաքական հռետորաբանությունը, մեկ այլ բան՝ իրական հնարավորությունը։ Այստեղ կարևոր է այդ ենթակառուցվածքի թողունակությունը, որը լավագույն դեպքում կարող է ունենալ 11 մլրդ. խմ գազ, իսկ եվրոպան տարեկան սպառում է 400 մլրդ խմ գազ։ Երկրորդ՝ պետք է հասկանանք, որ Ադրբեջանն ունի ռեսուրսային բազայի խնդիր։ Բնական գազի պաշարներն Ադրբեջանի մոտ արդեն եթե ոչ սպառվում են, ապա գտնվում են բավականին կրիտիկական կետում։ Հաշվի առնելով այն բազմաթիվ պայամանագրերը, որոնք այս 20-25 տարիների ընթացքում Ադրբեջանը կնքել է դերակատարների հետ, ունի մատակարարման շատ լուրջ պարտավորություններ և դա է պատճառը, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կյանքի կոչել Կասպից ծովի հատակով անցնող գազամուղի նախագիծը, որը թույլ կտա, մասնավորապես, թուքմենական գազը դուրս բերել դեպի արտաքին շուկա՝ ադրբեջանական ենթակառուցվածքներով։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք Բաքվի և Աշխաբադի միջև այս ուղղությամբ ակտիվացած երկխոսությունը։ Ադրբեջանն այստեղ շատ է կարևորում նաև ղազախական գործոնը և նույն լոգիստիկայով առաջիկայում փորձելու է նաև բանակցություններ սկսել Ղազախստանի հետ։ Սրանում է կայանում Ադրբեջանի հիմնական ռազմավարությունը։ Իհարկե Ադրբեջանը դրանով իսկ ստեղծում է բավականաին լուջ խնդիրներ ՌԴ-ի համար, եթե, իհարկե, վերը նշված նախագծերը կյանքի կոչվեն: Եթե խոսում ենք հարավային գազային միջանցքի շրջանակներում, ապա այստեղ լուրջ հակակշիռ եվրոպական շուկայում Ադրբեջանը ստեղծել չի կարող»,- բացատրեց մասնագետը։
Իսկ թե Ադրբեջանի այդ քայլին ինչպե՞ս կանդրադառնա Ռուսաստանը, մասնագետը կրկին հղում արեց թվային ցուցանիշներին՝ նկատելով, որ եվրոպայի սպառած 400 մլրդ խմ գազի մոտ 40 տոկոսն ապահովում է Ռուսատանի Դաշնությունը, իսկ Ադրբեջանն իր առավելագույն 11 մլրդ խմ արտահանմամբ մրցակցություն չի կարող ունենալ, սակայն մյուս գործոնները կարող են մրցակցային լինել։ «Եթե ակտիվանա Թուրքմենստանի հետ էներգետիկ ենթակառուցվածքը, եթե ընդլայնվի հարավային գազային միջանցքը, ապա թուրքմենական գազի շնորհիվ հնարավորություն կա, իհարկե, լուրջ մրցակցություն ստեղծել Ռուսաստանի համար։ Այստեղ, ակնհայտորեն, գործ կունենանք էներգետիկ բավականին լուրջ պատերազմի հետ։ Հայաստանում էլ մի շատ կարևոր դրվագ կա․ մոտ մեկ շաբաթ առաջ պաշտոնական Երևանը հայտարարեց, որ բանակցություններ են վարում Թուրքմենստան-Իրան-Հայաստան սվոփային ձևաչափով բնական գազի ներկարման վերաբերյալ։ Սա վկայում է այն մասին, որ Իրանի հետ մեր էներգետիկ երկխոսությունը մտել է փակուղի։ Տարիներ շարունակ մենք խոսում էինք այն մասին, որ բնական գազի ներկրման ծավալներն ավելացնենք, իսկ հիմա, փաստորեն, խոսվում է միայն սվոփային ձևաչափով թուրքմենական գազի ներկրման մասին՝ Իրանի մասնակցությամբ։ Կարծում եմ, որ եթե հետագայում Ադրբեջանին հաջողվի հասնել այն դասվորվածությանը, որը Հայաստանի այս իշխանությունն անվանում է «խաղաղության դարաշրջան», ապա հայկական կողմը գնալով անցում կկատարի Թուրքմենստան-Ադրբեջան-Հայաստան գազային մատակարարումներին, որը նաև բխում է Բաքվի շահերից։ Սա հավանական սցենար եմ համարում՝ էներգատրանսպորտային հաղորդակցության հաստատման պարգայում»,- եզրափակեց Վահե Դավթյանը։









