Foto

Ուրախ եմ բացել Մեծ Բրիտանիայի Պաշտպանության բաժինը Երևանում․ Լորդ Քոքեր

Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարար, Լորդ Վերնոն Քոքերը, իրականացրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի առաջին պաշտոնական այցը Հայաստան՝ նշանավորելով երկու երկրների միջև պաշտպանական հարաբերությունների կարևոր փուլ։ Հայտնում են դեսպանությունից։

Այցի ընթացքում պաշտոնապես բացվել է Մեծ Բրիտանիայի առաջին մշտական Պաշտպանության բաժինը Երևանում, ինչը վերահաստատում է ՄԹ-ի երկարաժամկետ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի անվտանգությանը, ինքնիշխանությանը և պաշտպանական կարողություններին։

Այցի շրջանակում Լորդ Քոքերը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ քննարկելու պաշտպանական համագործակցության խորացման, ինչպես նաև պաշտպանության ոլորտի բարեփոխումների և զարգացման հարցերը։

Լորդ Քոքերը նաև հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և այցելել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, որտեղ հանդիպել է ակադեմիայի ղեկավար կազմին և Միացյալ Թագավորությունում կրթություն ստացած շրջանավարտներին։

Լորդ Քոքերը նշել է.

«Ուրախ եմ լինել Մեծ Բրիտանիայի առաջին պաշտպանության նախարարը, ով այցելում է Հայաստան և պաշտոնապես բացում մեր մշտական Պաշտպանության բաժինը Երևանում։ Սա ընդգծում է ՄԹ-ի երկարաժամկետ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանը և պաշտպանական կարողություններին»։

Մեծ Բրիտանիան և Հայաստանը շարժվում են Ռազմավարական գործընկերության ուղղությամբ, որի առանցքային բաղադրիչներից մեկն է պաշտպանական համագործակցությունը։ Համագործակցության ուղղությունները ներառում են ռազմական մասնագիտական կրթությունը, անգլերեն լեզվի ուսուցումը, պաշտպանության ոլորտի բարեփոխումները և ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդումը։