Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
ԱՄՆ Ազգային անվտանգության 2025 թվականի ռազմավարությունը փաստում է, որ Վաշինգտոնը, ըստ էության, վերակենդանացնում է Մոնրոյի դոկտրինը․ Արևմտյան կիսագունդը վերադառնում է որպես առաջնահերթ պաշտպանվող տարածք, իսկ ԱՄՆ-ի գլոբալ ներգրավվածությունը կառուցվում է ընտրովի, խիստ շահակենտրոն և հաշվարկված մոտեցման վրա։
Այս փոփոխությունները վերաձևում են միջազգային ամբողջ համակարգը՝ ձևափոխելով նաև Հայաստանի անվտանգային միջավայրը։
ԱՄՆ-ի նոր առաջնահերթությունները
Նոր ռազմավարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը վերադառնում է արտաքին քաղաքականության այն մոդելին, որտեղ գերակա են ազգային շահերը, ոչ թե համաշխարհային վերահսկողությունը։
Զգալիորեն փոխվում են առանցքային շեշտադրումները․
✔️առաջնային են դառնում Արևմտյան կիսագունդը և Ասիան,
✔️Եվրոպան և Մերձավոր Արևելքը կորցնում են նախկին առաջնայնությունը,
✔️Ռուսաստանի հանդեպ մոտեցումը դառնում է ավելի պրագմատիկ՝ առանց արժեքային թշնամանքի,
✔️քաղաքականությունը ձեռք է բերում գործարքային և ընտրովի բնույթ։
Փոքր պետությունների համար սա նշանակում է, որ անվտանգության ապահովման պատասխանատվության մեծ մասը պետք է իրացնեն ինքնուրույն:
Ուկրաինական պատերազմի հնարավոր կարգավորման հետևանքները Հայաստանի համար
Վաշինգտոնը հստակ որդեգրում է Ուկրաինայի պատերազմի հետպատերազմական փուլին անցնելու տրամաբանություն։
Եթե այդ ուղղությունը խորանա, ապա․
✔️Ռուսաստանը կարող է ազատել ռեսուրսներ ու վերաուղղել դրանք Հարավային Կովկաս,
✔️Արևմուտքի ճնշումն Ռուսաստանի վրա որոշակիորեն կնվազի,
✔️Թուրքիա–Ադրբեջան տանդեմն ավելի լայն մանևրի դաշտ կստանա։
Այս ամենը կարող է տեղի ունենալ Հայաստանի շահերից հաշվին, եթե Երևանը չունենա հստակ և նախաձեռնող ռազմավարություն։
ԵՄ-ի նկատմամբ ԱՄՆ քննադատությունը և Եվրոպայի հնարավոր կերպարանափոխությունը
NSS-ը արձանագրում է Եվրոպայում ժողովրդավարական որակի անկում, ներգաղթային ճգնաժամ և անվտանգային թուլացում։
Միևնույն ժամանակ ԵՄ-ը դիտարկվում է որպես կառույց, որը կանգնած է վերափոխման շեմին։
Այստեղ բնական է հարցադրումը՝ արդյո՞ք այս պայմաններում արդյունավետ է Հայաստանի եվրաինտեգրումը։
Այո, եթե Հայաստանի համար եվրոպական ուղղությունը դիտվում է ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշման, այլ՝
ինստիտուցիոնալ զարգացման, իրավական կայունության և պետության որակի բարձրացման տեսանկյունից։
Եվրոպական չափորոշիչներն իրենց արժեքը չեն կորցնի, նույնիսկ եթե ԵՄ ներսում շարունակվեն քաղաքական ճգնաժամերը։
Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ կոշտ հռետորաբանության բացակայությունը՝ ազդակ Երևանին
Թրամփի նոր ռազմավարությունը հրաժարվում է Ռուսաստանի նկատմամբ «հիմնային թշնամանքի» լեզվից։
Սա բացում է գործարքային շփումների սահմանափակ հնարավորություններ։
Այս իրավիճակում․
✔️Ռուսաստանը կարող է վերաակենդանացնել իր դերակատարությունը տարածաշրջանում,
✔️Թուրքիա–Ադրբեջան տանդեմը կարող է ակտիվացնել իր ռազմավարական ճնշումները,
✔️Հայաստանը կարող է հայտնվել վտանգավոր վակուումում։
Այդ պատճառով անհրաժեշտ է վերակառուցել Հայաստանի անվտանգության հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նոր մոդելով՝ մեխանիզմային և փոխշահավետ հիմքով։
Հայաստանի անվտանգային մոդելի նոր կառուցվածքը
Հայաստանի անվտանգային համակարգը պետք է հենվի բազմավեկտոր և ինստիտուցիոնալ ամուր մոդելի վրա, որի առանցքային ուղղություններն են․
1) Ռուսաստանի հետ վերակառուցված անվտանգային ստրատեգիական համագործակցություն. գործնական փոխշահավետ ձևաչափ՝ սահմանային պաշտպանության համար։
2) Եվրոպական ուղղություն. ինստիտուցիոնալ, իրավական, հակակոռուպցիոն և կառավարչական համակարգերի ամրապնդում։
3) Իրանի հետ խորքային հարաբերություններ. էներգետիկ, տրանսպորտային և սահմանային համագործակցության ընդլայնում՝ որպես տարածաշրջանային հավասարակշռող ուժ։
4) ԱՄՆ-ի հետ թեմատիկ գործընկերություն. կրթություն, տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիաներ, ժողովրդավարություն, կիբերանվտանգություն։
5) Չինաստան` երկարաժամկետ տնտեսական և տեխնոլոգիական գործընկեր. ենթակառուցվածքներ, կապի համակարգեր, բարձր տեխնոլոգիաներ, ներդրումային ծրագրեր։
6) Հնդկաստան՝ ռազմատեխնիկական և ռազմավարական կարևորություն ունեցող գործընկեր. սպառազինություն, ռազմարդյունաբերական համագործակցություն, տարածաշրջանային հակակշիռ։
) Թուրքիա–Ադրբեջան տանդեմի զսպում. բազմավեկտոր դիվանագիտություն միջազգային դերակատարների ներգրավմամբ՝ հատկապես Սյունիքի անվտանգության հարցում։ Սա բնավ չի հակադրվում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությանը:
ԱՄՆ 2025 թվականի ռազմավարությունը ձևավորում է նոր աշխարհաքաղաքական իրականություն, որտեղ մեծ տերությունների առաջնահերթությունները արագ փոխվում են։
Հայաստանի համար սա մարտահրավեր է, բայց նաև հնարավորություն՝ ձևավորելու սեփական անվտանգային և քաղաքական օրակարգը՝ հիմնված սուբյեկտայնության, բազմավեկտոր հաշվարկի և հաստատուն պետական ինստիտուցիոնալության վրա։









