Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի և դրա բազմաթիվ պետական և ոչ պետական կառուցակարգերի կողմից առաջ մղվող, այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը, արդեն այնքան է ենթարկվել ինստիտուցիոնալացման, որ պատկերավոր ասած՝ «5 րոպե պակաս» նախապայման է Հայաստանի հետ հարաբերություններում։
Այս արմատապես կեղծ, շինծու և ագրոսիվ խոսույթն արհեստածին Ադրբեջանում արդեն իսկ ամրագրվել է քաղաքական, խորհրդանշական, կազմակերպական, իրավական, քարոզչական և ակադեմիական ոլորտներում։
Դրա, իբր, «խաղաղ» իրականացման («ոչ թե տանկերով, այլ մեքենաներով») մասին նաև հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի մակարդակով կրկնվող բարբաջանքը «խորամանկ» ծխածածկույթ է՝ թաքցնելու Հայաստանի դեմ հենց այժմ իսկ տարվող հիբրիդային պատերազմի այս բաղադրիչի ողջ վտանգավորությունը, քանի որ այս պահին թե՛ արհեստածին Ադրբեջանի ներքին և թե՛ միջազգային իրավիճակը թույլ չեն տալիս այն փոխադրել տաք պատերազմի փուլ, որը Բաքվի բռնապետի համար կլինի անկանխատեսելի հետևանքներով արկածախնդրություն»։









