Foto

Երևանում այսօր տրանսպորտային լուրջ խնդիրներ կան. Արմեն Ղուլարյան

Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում են մայրաքաղաքի գլխավոր հատակագծի մշակման ուղղությամբ աշխատանքներ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

«Կոմիտեն նաև իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում անդրադարձ է ունեցել գլխավոր հատակագծի առաջադրանքին, առաջադրանքն արդեն հաստատված է և շուտով կմեկնարկեն գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, հիմնական քաղաքաշինական փաստաթուղթը կկանոնակարգի Երևանում կառուցապատման գործընթացները», - նշեց նա:

Ըստ Ղուլարյանի՝ Երևանում այսօր տրանսպորտային լուրջ խնդիրներ կան:

«Այն քաղաքաշինական փաստաթուղթը, որը պետք է կանոնակարգի ոլորտը, առաջին հերթին գլխավոր հատակագիծն է։ Կարծում եմ՝ օր առաջ պետք է կարողանանք սկսել մշակումը և ավարտին հասցնել այդ կարևորագույն փաստաթուղթը, որի համաձայն՝ նաև պետք է կառուցապատվի մեր մայրաքաղաքը», - ընդգծեց Ղուլարյանը։