Կառավարության այսօրվա նիստում որոշվեց վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները և մեկշաբաթյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օր։
Հիմնավորման մեջ նշվում է, որ առայսօր չի կայացել համայնքի ղեկավար ընտրված Տավրոս Սափեյանի երդման արարողությունը՝ ավագանու անդամների քվորումը չապահովվելու հիմքով:
«Ս.թ. փետրվարի 8-ից առ այսօր Թալին համայնքի ավագանու նիստեր չեն հրավիրվել և անցկացվել, քանի որ դրանք պետք է հրավիրվեին համայնքի ղեկավարի կողմից, այնինչ՝ Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով Թալին համայնքի ընտրված ղեկավարն իր լիազորությունները չի ստանձնել»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Հիշեցնենք, որ 2021թ․ դեկտեմբերի 5-ի կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Թալին համայնքում մանդատները բաշխվել են 4 կուսակցությունների միջև. 10 մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 6 մանդատ՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, 3 մանդատ՝ «Հայք» լիբերալ կուսակցությունը և 2 մանդատ՝ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։









