Foto

Ադրբեջանը հետաքրքրված է «Թրամփի երթուղու» աշխատանքներն արագացնելու հարցով

Նոյեմբերի 19-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին։

Արտգործնախարարության տվյալներով՝ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ադրբեջանա-ամերիկյան երկկողմ համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության հարցերի շուրջ մտքերի համապարփակ փոխանակում։

Գոհունակությամբ նշվել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական հանդիպման ժամանակ ձեռք են բերվել համաձայնություններ, և ընդգծվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեղ ջանքերի կարևորությունը:

Ընդգծվել է նաև տարածաշրջանային կայունության, էներգետիկ անվտանգության և տրանսպորտային միջանցքների ընդլայնման ոլորտում համագործակցության ամրապնդման կարևորությունը:

Ադրբեջանին նաև հետաքրքրել է ԱՄՆ-ի կողմից իրականացվող «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» նախագծի աշխատանքները արագացնելու հարցը, որի նպատակն է ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը:

Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային հարցերի շուրջ:

times.am