Օրերս Արցախի ԱԺ-ն
հայտարարություն էր տարածել, որտեղ ՀՀ իշխանություններից պահանջում էր Արցախի անունից
հայտարարություններ չանել և որոշումներ չկայացնել
առանց արցախահայության հետ համաձայնեցնելու։ Հայտարարությամբ սահմանվել էր նաև
այն կարմիր գծերը, որոնք անցելն անընդունելի է արցախահայության համար։ Նախօրեին այդ
հայտարարությանը միացել էին նաև Արցախի արտախորհրդարանական ուժերը և հասարակական կազմակերպությունները,
այսօր էլ արդեն այդ հայատարարությանը միացել են նաև Արցախի իշխանական ու իշխանամետ
կուսակցությունները, որոնք 2018թ.-ից ողջունում էին Փաշինյանի, այսպես կոչված, հեղափոխությունը
և 4 տարի շարունակ կատարում են նրա բոլոր որոշումները: Սրանից կարելի է ենթադրել, որ Արցախի իշխանությունն
արդեն լավ գիտակցում է ստեղծված իրավիճակը, գիտակցում է, որ Փաշինյանի վրա չի կարելի
հույս դնել և բոլորի հետ միասին միավորվել են հանուն երկրի փրկության և ընդդեմ Փաշինյանի։
Նրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանի և սփյուռքի մտահոգ հայությունը ևս միանա իրենց
և պայքարի հանուն Արցախի։ Այստեղ կարևորն այն է, որ պայքարն «հանունի» համար է, այլ
ոչ՝ ընդդեմի։ Vesti.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշել էր՝ Փաշինյանն արցախցիների համար նույնն
է, ինչ Ալիևը։ Կարելի է հուսալ, որ Արցախի ղեկավարությունն ու բնակչությունն արդեն իսկ
մեկ միասնական գաղափար ունեն, որի շուրջ համախմբվել են՝ այդպես էր նաև 1988թ-ին, բայց
համախմբումը նաև Հայաստանում էր։
ՀՀ խորհրադարանական
և արտախորհրդարանական ուժերը ևս դուրս են եկել պայքարի հանուն Արցախի և ընդդեմ Փաշինյանի։
Բայց այդ պայքարը սկսել են իրարից անկախ։ Ազատության հրապարակի մի մասում մեկ քաղաքական
ուժ է, մյուսում՝ մեկ ուրիշ։ Իշխող վարչախմբի դեմ պայքարի ցանկացած միջոց, իհարկե, արդարացված
է, բայց Արցախի օգնություն կանչող ձեռքը պետք է բոլորով բռնենք: Արցախցիները, միաժամանկ օգնության
տարբեր ձեռքերից կառչելով, կարող են անդունդը գլորվել, իսկ միասնական ուժը վեր է ամեն
ինչից։ Չարենց ասում էր՝ «Ով, հա՛յ ժողովուրդ,
քո փրկությունը, քո հավաքական ուժի մեջ է՞։









