Foto

Գնացել ես Մոսկվա, որ ի՞նչ անես

Նիկոլ Փաշինյանն այս օրերին, հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում, Մոսկվայում երկօրյա պաշտոնական այցով է գտնվում: Երեկ Փաշինյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Հատկանշական է ընդգծել, որ օրերս ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր. «Ռուսաստան պաշտոնական այցով կժամանի ՀՀ վարչապետը: Միջազգային ասպարեզում ստեղծված ներկայիս իրավիճակում հատուկ նշանակության իրադարձություններ են տեղի ունենում: Եկող շաբաթ Պուտինը կշարունակի նաև տնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցությունների շարքը. զրույց տեղի կունենա այն մասին, թե ինչ է տեղի ունենում մետաղագործության ոլորտում»: Ի դեպ՝ հայաստանյան որոշ հայտնի շրջանակներ Պեսկովի «հատուկ նշանակության իրադարձություն» որակումը վերագրեցին Փաշինյանի այցին Մոսկվա, որ իբր այդ այցն է նկատի ունեցել նման ձևակերպում անելիս։

Ըստ էության, այցը տեղի է ունենում աշխարհի համար աննախադեպ պայմաններում, երբ Ռուսաստանը չի դադարեցնում պատերազմն Ուկրաինայում, որի ֆոնին աշխարհաքաղաքական պայքարը երբեմնի ամենաթեժ փուլն է ապրում, և աշխարհաքաղաքական մրցապայքարը Հարավային Կովկասում ու Հայաստանի շուրջ ևս լարվել են:

Կարևոր է առանձնացնել այն, որ հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ մինչ Մոսկվա մեկնելը Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ում միջնորդությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԱԳ նախարարներին հանձնարարել սկսել աշխատանք, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» նախապատրաստման վրա: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:

Փորձագիտական հանրության ուշադրությունից չի վրիպում այն հանգամանքը, որ երկար դադարից հետո հենց ՌԴ այցի նախօրեին է ԵՄ-ն հիշեցնում այս փաթեթի մասին, վստահեցնում, որ այն ուժի մեջ է: Այս համատեքստում ուշագրավ է հիշել վերջերս Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթները, որոնցում նա նշեց, որ միջազգային հանրությունը ՀՀ-ին հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար:

Փաստենք նաև այն կարևոր հանգամանքը, որ, այսպես կոչված, միջազգային հանրությունից միայն Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էր ողջունել այս ելույթը:

Ամփոփելով ասվածը հավելենք, որ Փաշինյանի մոսկովյան այցին ընդառաջ և Հարավային Կովկասում ԵՄ ջանքերի ֆոնին շատ ավելի հաճախ էր խոսվում այս իշխանության կողմից արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության նախապատրաստման մասին, ուստի այցն այդ առումով շրջադարձային է որակվում, և նշվում, թե Մոսկվան պետք է հասկանա Երևանի աշխարհաքաղաքական մտադրությունները:

Պետք է արձանագրենք, որ Փաշինյանի այցը հերթական ֆիկտիվ այցն էր իր դեկլարատիվ, ոչինչ չասող ստորագրված փաստաթղթով ու նոմինկլատուրալ հայտարարությամբ։

Արմեն Հովասափյան