Ինչպես հայտնի է նախորդ
շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն իր անձնական օգտագործման խմբակցության մասնակցությամբ
ներկայացրեց սեփական կառավարության 2021թ. կատարողականի զեկույցը։
Թեև բուն զեկույցի ներկայացումը շատ հաճախ շեղվում է քաղաքական հայտարարություններով,
այնուամենայնիվ հրապարակված կատարողականի զեկույցը թույլ է տալիս ամբողջական պատկեր
ձևավորել այս կամ այն ոլորտի շուրջ տարված աշխատանքների և արձանագրված արդյունքների
վերաբերյալ։
Ներկայումս ստեղծված աշխարհաքաղաքական
և տարածաշրջանային բարդ իրողությունով պայմանավորված՝ ելույթների մեծամասնությունը
վերաբերում էին Արցախին, 44-օրյա պատերազմին և բանակցային գործընթացին՝ առանձնացնենք
մի քանի խնդրահարույց դրույթներ։
Գործող կառավարությունն
իր ճանապարհային քարտեզում հանձն էր առել զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների
սոցիալական երաշխիքների ապահովմանը։ Ներկայացված կատարողականում արդեն որպես արդյունք,
նշվում է, որ պատերազմում հայկական կողմից զոհվել են 3736 զինծառայող, 44-օրյա պատերազմի
և դրան հաջորդող դեպքերի հետևանքով Զինհիմնադրամի շահառու են դարձել 3701 զոհված և
անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներ, 114 զինծառայող՝ որպես 1-ին խմբի, և
413 զինծառայող՝ որպես 2-րդ խմբի հաշմանդամ:
Այստեղ տեղին է շեշտել,
որ Զինհիմնադրամը, որի գործունեությունը նախաձեռնվել էր դեռ 2016թ.-ին՝ նախկին իշխանությունների
կողմից, քանիցս քննադատվել է Նիկոլ Փաշինյանի ընդդիմություն եղած ժամանակ։ Եթե չլիներ
նախորդ իշխանության հեռատեսությունն ու հետևողականությունը, այսօրվա իշխանությունը
դժվար թե կարողանար լուծել այս ահռելի սոցիալական խնդիրը։ Միևնույն ժամանակ, պետք է
հիշել նաև, որ հիմնադրամի վերջին տարիների գործունեությունն ապահովվել է քաղաքացիների
հարկային բեռի ավելացման միջոցով, այնպես որ, հիմնադրամի գործունեությունը որևէ կերպ
չի կարող մեկնաբանվել՝ որպես կառավարության աշխատանքի պոզիտիվ արդյունք։ Ի դեպ փաստենք,
որ մինչ օրս հրապարակված չէ զոհված զինծառայողների անվանական ցանկը, ինչը հիմնավոր
կասկածների հիմք է ստեղծում, որ ներկայացված թիվը միտումնավոր խեղաթյուրվում է։ Ուշագրավ
է, որ արդեն իսկ նախորդ շաբաթ ԱԺ-ում Փաշինյանը հիշատակել է այլ թիվ՝ 3825՝ զեկույցում
ներկայացված 3736-ի փոխարեն:
Հնգամյա պլանում, ի թիվս
այլ կենացային խոստումների, կառավարությունը խոստանում էր ապահովել արցախցիների վերադարձն
իրենց հայրենի օջախներ և ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը։ Ավելին,
որպես արդյունք՝ նշվում է, որ ՀՀ-ում շարունակում են բնակվել պատերազմի արդյունքում
տեղահանված 20.000-ից ավելի արցախցիներ։ Եթե անկեղծ, ապա իշխանության անգործության
հետևանքներն ակներև են՝ Արցախում ոչ միայն չի վերականգնվել բնականոն կյանքը, այլ հումանիտար
ճգնաժամ է ստեղծվել՝ կապված գազի և էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների, Ադրբեջանի
կողմից հոգեբանական, տնտեսական և հումանիտար ճնշումների տարբեր մեթոդների կիրառման
հետ։
Ինչ վերաբերվում է արցախցիներին
հայրենի օջախներ վերադառնալուն, փաստ է այն, որ որևէ քայլ չի կատարվել Ադրբեջանի կողմից զավթված
Շուշի, Հադրութ և Արցախի օկուպացված այլ տարածքներ հայ բնակչության վերադարձի ուղղությամբ։
Ավելին, հայ բնակչության իրավունքների վերականգնման և Արցախի՝ առնվազն նախկին ԼՂԻՄ
տարածքների դեօկուպացիայի խնդիրն առհասարակ բացակայում է գործող իշխանությունների հայտարարություններից
և հռետորաբանությունից։ Ավելին, Արցախում հայրենի օջախի կորստի փաստի առջև կանգնել
են նոր բնակավայրեր, ու դրա ամենաթարմ օրինակը Փառուխ գյուղի հայաթափումն
է։ Անգամ նույն խնդրի առաջ է կանգնած նաև ՀՀ-ն, չմոռանանք, որ հայրենի օջախները ստիպված
էին լքել Շուռնուխում բնակվող քաղաքացիները։
Այնպես որ հերթական անգամ
գործ ունենք իշխանությունների մանիպուլյատիվ ու մարդկանց աչքերին թոզ փչելու քաղաքականության
հերթական կլոունադային, որն, ինչպես հայտնի է, ամենալավն է ստացվում ՀՀ-ում պետական
կարգը տապալած անհայրենիքների մոտ։
Արմեն Հովասափյան









